Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար պետք է օգտագործենք մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը. նախագահ Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար պետք է օգտագործենք մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը. նախագահ Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանրապետության նախագահը մասնավորապես խոսել է Ճապոնիա այցի նպատակների, ուժեղ երկիր կառուցելու և այդ գործում սփյուռքի դերի, ինչպես նաև պատերազմի հետևանքների ու քաղած դասերի մասին:

«Պատերազմի հսկայական դժվարությունները կարող ենք նկարագրել մեկ բառով, որը կոչվում է ճգնաժամ: Ճգնաժամ է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, շատ երիտասարդներ կորցրել են իրենց առողջությունը, կա բարոյահոգեբանական ճգնաժամ է, քանի որ պատերազմում տանուլ տալը դժվար է հոգեբանորեն՝ մանավանդ մի ժողովրդի համար, որը սրանից 26 տարի առաջ պատերազմում հաղթել էր,- ասել է նախագահը:- Պետք է սովորել ասել ճշմարտությունը՝ ինչքան էլ այն դառը լինի, քանի որ, երբ ճշմարտություն ես ասում, հաջորդ քայլով պետք է պատրաստ լինես խնդիրները լուծել: Լուծելը հեշտ չի լինելու, որովհետև տարիներ են պետք»:

Նախագահը նշել է, որ պարտությունը պետք է դաս լինի բոլորիս համար՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, մինչև շարքային քաղաքացի: «Իսկ դասերը բազմաթիվ են: Առաջինի մասին ասացի՝ պետք է իրականության հետ ապրենք: Մյուս եզրակացությունն այն է, որ ցանկացած պետություն, ի վերջո, իր ապագան կառուցում է՝ հենվելով իր առավելությունների վրա: Իսկ մեր հիմնական ռեսուրսը մարդիկ են: Այստեղ մենք առավելություն ունենք, որովհետև ունենք Սփյուռք. Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ապրում, և դա հսկայական առավելություն է,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:- Հայրենակիցներ ունենք, որոնք կրթում են, կրթվում են, զարգանում, փորձառություն են ձեռք բերում, հետո այդ ամենը կարող են բերել Հայաստան, բայց մենք արգելքներ ենք դնում: Իսկ 21-րդ դարն, ի վերջո, չի լինելու բնական ռեսուրսների դար: Աշխարհի ամենամեծ ընկերությունները վաղուց արդեն ոչ թե նավթային, այլ տեխնոլոգիական ընկերություններն են»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար նախ և առաջ պետք է օգտագործել մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը: Խոսելով Սփյուռքի ներուժը հօգուտ երկրի զարգացման օգտագործելու կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը դրա հիմնական ուղիներից մեկը համարել է սահմանադրական փոփոխությունները: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հնարավորություն ունենա իր ցանկությամբ ծառայել հայրենիքին, և որևէ պատնեշ չպետք է լինի»:

Ընդգծելով, որ ուժեղ Հայաստանը նաև տեխնոլոգիապես զարգացած Հայաստանն է, նախագահն ասել է, որ մեր բոլորի ուղղվածությունը պետք է լինի դեպի ապագա. «Իսկ ապագան ոչ թե սովորական ծրագրավորումն է, այլ՝ արհեստական բանականությունը, ոչ թե սովորական կենսաբանությունն է, այլ՝ կենսատեխնոլոգիաներն են»: Նախագահը նշել է, որ Ճապոնիա այցի նպատակներից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ հանդիպումներն են. «Հայաստանն ու Ճապոնիան կարող են աշխատել իրար հետ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հույս ունեմ, որ ճապոնական ընկերությունները կմասնակցեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործընթացին»:

Խոսելով զարգացած երկիր ունենալու տեսլականի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք, ինչպես ցանկացած պետություն, հաջողության հասնելու միայն մեկ ձև ունենք՝ կառուցել իրական ուժեղ պետություն: Այսինքն՝ նախ ունենանք պետականության գաղափարը մեզնից յուրաքանչյուրի սրտում ու մտքում, լինենք պետականամետ մարդիկ: Ուժեղ պետություն նաև նշանակում է՝ պետություն, որը փոքր ռեսուրսներով կարողանում է մեծ հաջողության հասնել, այսինքն՝ կարգապահ է, ունի տեսլական, գիտի՝ ուր է գնում: Եվ քանի որ փոքր երկիր է՝ այդ տեսլականը սովորական չի կարող լինել, այն պետք է վերածվի առաքելության: Երբ փոքր ես, բոլոր ուժերդ պետք է կարողանաս համախմբել, որպեսզի հարվածիդ ուժը մեծ լինի: Փոքր պետությունը դա կարող է անել, և աշխարհում այդպիսի օրինակները բազմաթիվ են»:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, երիտասարդներին հայրենիքում պահելու խնդրին:

Հանդիպման ավարտին հաջողություններ մաղթելով մասնակիցներին՝ նախագահը նշել է. «Ուզում եմ հուսալ, որ ապագայում ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանի մասին կսկսի մտածել՝ որպես երկրի, որտեղ ինքն իրեն ապահով է զգում, որի հետ կապում է իր ու իր երեխաների ապագան»:

Թեմայի այլ նորություններ