Ադրբեջանի բանտերում հայ գերիների թիվը շարունակ ավելանում է. Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    9 կմ/ժ
  • Լոռի 23°C
    48%
    12 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    60%
    15 կմ/ժ
  • Արարատ 27°C
    26%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    42%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    36%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.22426
  • Դոլար = 388.602

Ադրբեջանի բանտերում հայ գերիների թիվը շարունակ ավելանում է. Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ադրբեջանի բանտերում հայ գերիների թիվը շարունակ ավելանում է. Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան գրառմամբ, որում արտաքին գործերով գերատեսչությունը պահանջում է ազատ արձակել հայ երկու զինծառայողին, որոնց ադրբեջանական կողմն առևանգել է՝ շինծու մեղադրանք առաջադրելով, թե իբր վերջիններս դիվերսատներ են, գրել է.

«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է երկու հայ զինծառայող: Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն անօրինական կերպով են պահվում ադրբեջանական բանտերում»:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ուժերի «դիվերսիոն խմբի՝ սահմանն ապօրինի հատելու փորձը»: Ըստ հաղորդագրության՝ իբր հայ զինծառայողները սահմանը «փորձել են հատել» Զանգելանի շրջանի տարածքով անցնող վայրում։ Պաշտոնական Բաքուն հայտնել է երկու հայ զինծառայողի ձերբակալելու մասին, իսկ մնացած դիվերսանտները իբր թե «դիմել են փախուստի»:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունն էլ երեկ երկու հաղորդագրություն տարածեց՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել:

Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ըստ հաղորդագրության՝ ընթանում են որոնողական աշխատանքներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշվում էր նաև, որ քննվում է դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

Այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, որոնվող՝ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների շահագործած թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Կրկին անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների և Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած ապատեղեկատվությանն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել՝ ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքել է կեղծ տեղեկատվությունը:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ հայկական կողմն ունի բավարար ապացույցներ՝ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:

«Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեև նախօրեին Մոսկվայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ադրբեջանի նախագահի հրապարակայնորեն այն հավաստիացումներին, թե Ադրբեջանը պատրաստ է հասնել խաղաղության, փաստացի հայ երկու զինծառայողին առևանգելով՝ պաշտոնական Բաքուն հրահրում է հերթական սադրանքը, որին ակտիվորեն լծվել են ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես ցանկացած սադրանք իրականացնելուց առաջ: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ՀՀ ներթափանցած իր դիվերսատների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին: Հիշեցնենք, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանական դինվերսանտներից մեկը Հայաստանից «լայվ»-ով դիմել էր հետևորդներին՝ ասելով. «Մենք հայի արյուն ենք թափել: Մենք գլխատեցինք հայերին: Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, մեռած չենք։ Եթե նույնիսկ մեռնենք, թող մեզ գնահատեն»: Այսպիսով՝ Ադրբեջանը ոտնահարում է նաև որոշ ժամանակ առաջ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպման համաձայնությունը՝ կապված երկու կողմում պահվող անձանց հետ:

Թեմայի այլ նորություններ