Փաշինյանն անդրադարձել է Էրդողանի՝ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    28 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Փաշինյանն անդրադարձել է Էրդողանի՝ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին

Փաշինյանն անդրադարձել է Էրդողանի՝ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին

Մենք ուշադիր հետևում ենք բոլոր հայտարարություններին և մեզ առնչվող բոլոր հայտարարություններին և, ըստ անհրաժեշտության, արձագանքում ենք և կարձագանքենք: Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու շրջանակում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող միջազգային հայտարարություններին:

Այս համատեքստում ՀՀ վարչապետը պատասխանեց նաև հարցին, թե արդյոք Հայաստանը փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքականության վեկտորը:

«ՀՀ արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և ես չեմ կարծում, որ նման ձևակերպումները տեղին են: Հայաստանի Հանրապետությունը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է՝ ըստ Հայաստանի պետական շահերի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և կողմնորոշվում է, ելնում է ՀՀ պետական շահերից»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը, լրագրողների հարցին ի պատասխան, անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի բովանդակությանը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իմ նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացքում՝ մեր 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում»,- ասաց նա, ապա հավելեց. «Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում: Ինչը որ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում: Նկատի ունեմ՝ այո՛, այդ գրագրությունը գաղտնի է, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»:

Իրադրության գնահատականը չի փոխվել նախորդ նիստից ի վեր: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ԶՈՒ կուտակումների մասին՝ Կառավարության վերջին նիստին արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստի մեկնարկին վարչապետը հայտարարել էր, որ իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի, ինչպես նաև ԼՂ շփման գծի երկայնքով շարունակում է մնալ լարված, և որ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետն անդրադարձավ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, նաև խաղաղության պայմանագրին:

Հարցին՝ արդյոք հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում, վարչապետը բացասական պատասխան տվեց:

«Ցավոք սրտի, ո՛չ, որովհետև եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ-ի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել; Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը, և մենք ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր և ամեն ինչ անում ենք դրա համար»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն, և կհասնենք խնդրի լուծմանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում հումանիտար, խորացող ծանր ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացասաբար է ազդում խաղաղ գործընթացի վրա:

Վարչապետը նաև նկատեց՝ այն ժամանակը, որ մենք շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակի չլինելու դեպքում էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը ավելի մեծ էներգիա և ժամանակ տալու վրա:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք նման պայմաններում հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի ստորագրում, վարչապետը նկատեց՝ ինքը դա միշտ պետք է համարի հնարավոր:

«Ես ստանձնել եմ քաղաքական հանձնառություն՝ ստորագրել նման պայմանագիր, և ինչքան ուշանում է այդ պայմանագիրը, այնքան վատ է մեր ստանձնած քաղաքական հանձնառության իմաստով: Հնարավոր համարում եմ, որովհետև հույս ունեմ, որ այս իրավիճակը կփոխվի: Մենք աշխատում ենք այդ իրավիճակի փոփոխության վրա, աշխատում ենք Լաչինի միջանցքի բացման վրա, ԼՂ -ի հումանիտար իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վրա»,- նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ իր աշխատանքն է այնպես անել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր լինի:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ քառակողմ հանդիպում կազմակերպելու մասով Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներին արած առաջարկին:

«Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան: Հիմա ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ: Ես կարծում եմ, որ մենք պետք է ամբողջության մեջ նայենք հարցը»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել էր Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ եռակողմ, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնել իր, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ, որի շրջանակում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:

Էլի շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին և նաև հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցություններում միջազգային մեխանիզմի գործարկման մասով տեղաշարժի վերաբերյալ հարցին:

«Ես գիտեմ, որ նաև միջազգային գործընկերները շատ ինտենսիվ աշխատում են այդ թեմաների վրա: Եվ նաև դա է պատճառը, որ ես կարծում եմ և էլի շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին և նաև հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ: Իհարկե, հորդորը ուղղված է նաև Բաքվին, որովհետև հասկանում ենք, որ եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա:

Եվ, ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ, օրինակ, Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է: Գիտե՞ք՝ պաշտոնական մակարդակում արտահայտվում է, բայց, օրինակ, երբ մի քանի անգամ նախանշված հանդիպումները տեղի չեն ունեցել, և ես փորձել եմ հասկանալ, այդ թվում՝ մեղադրանքները՝ Ստեփանակերտին ուղղված, որ նրա՛նք են ձախողել, նրա՛նք են տապալել հանդիպումը, և փորձել եմ գործնականում մանրամասներով հասկանալ, տեսել եմ, որ, օրինակ, ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա՝ այդ երկխոսությունն իրականացնելու»,- ասաց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Աղդամի ճանապարհի մասով, այն է՝ Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը միաժամանակ բացելու բանակցություններում, Հայաստանն ընդգրկվա՞ծ է:

«Մենք ասել ենք, որ մեր բանակցությունների թեման Լաչինի միջանցքն է, որովհետև մենք ենք ստորագրել Լաչինի միջանցքը ստեղծող փաստաթղթի տակ»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ