Նիկոլ Փաշինյան. ՌԴ հետ հարաբերությունները եղել են և կլինեն Հայաստանի առաջնահերթություններից
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    9 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    13 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    53%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Նիկոլ Փաշինյան. ՌԴ հետ հարաբերությունները եղել են և կլինեն Հայաստանի առաջնահերթություններից

Նիկոլ Փաշինյան. ՌԴ հետ հարաբերությունները եղել են և կլինեն Հայաստանի առաջնահերթություններից

Ապրիլի 7-ին Մոսկվա նախատեսվող այցից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, թե ինչ թեմաներ է քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայկական բանակում իրավիճակի մասին, այն մասին, թե արդյոք լուծվել է Գլխավոր շտաբի հետ կոնֆլիկտը և այն մասին, թե ինչու հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու կարիք չի լինի։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Դուք հայտարարեցիք Ռուսաստանից նոր սպառազինություն, այդ թվում՝ Սու-30 ՍՄ կործանիչներ գնելու մտադրության մասին։ Արդյոք երկիրը նման միջոցներ ունի՞, թե՞ ակնկալում է վարկ ստանալ Մոսկվայից: Արդյոք այդ հարցը կքննարկվի՞ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ: Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը Երևանի համար անհաջող ավարտվեց բանակի վատ վիճակի և նորմալ սպառազինության բացակայության պատճառով: Ռուսաստանին դիմելո՞ւ եք անօդաչու թռչող սարքեր, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ ձեռք բերելու համար, թե՞ կդիմեք այլ երկրների արտադրողներին։ Ինչպիսի՞ն են այժմ Ձեր հարաբերությունները զինվորականների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման օրակարգում լինելու են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերը։ ՀՀ զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում։

Հայաստանի Զինված ուժերում այժմ արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք ևս իրականացվում են Ռուսաստանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջող կշարունակվի, ինչում մեծապես շահագրգռված է Հայաստանի կառավարությունը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը հանգուցալուծվել է, և բանակը՝ կառավարության հետ միասին, լիարժեքորեն շարունակելու է երկրի անվտանգության ապահովման ու ամրապնդման ուղղությամբ քայլերը։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ձեզ համար ի՞նչ էին վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, արդյոք կարծո՞ւմ եք, որ Ձեր կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում՝ հաշվի առնելով ներկայիս հանրային տրամադրությունները: Ձեր քաղաքականության մեջ ինչպիսի՞ փոփոխություններ եք պատրաստ առաջարկել մարդկանց: Մի քանի տարի շարունակ դուք չեք կենտրոնացել Ռուսաստանի՝ որպես արտաքին քաղաքական գերակայության վրա: Արդյոք դա հիմա փոխվե՞լ է, ինչպիսի՞ն կլինի ընտրություններից հետո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ամբողջովին ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը։ Մենք մշտական շփման մեջ ենք մեր ժողովրդի հետ ու լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, պահանջներն ու ցանկությունները։ Հանրությանը կներկայացնենք այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը։

Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել օրինական իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակներն առաջիկա տարիների համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել և շարունակելու են մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից, և ես վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերի հիման վրա։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ձեր՝ ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում արդյոք նախատեսվո՞ւմ է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում՝ ամենաբարձր մակարդակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ապրիլի 7-ին նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հետ քննարկելու ենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Կքննարկենք նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ավելի վաղ Դուք հայտարարել էիք Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցություն հաստատելու մտադրության և հայ-ռուսական զորքերի ռազմական խմբավորման ուժեղացման անհրաժեշտության մասին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պետք է ասեմ, որ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել բանակի լայնամասշտաբ բարեփոխումների, և, բնականաբար, հաշվի առնելով մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ, իսկ փորձագիտական մակարդակում արդեն իսկ հաստատվել են անհրաժեշտ կապեր:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ 
- Կա՞ արդյոք արդեն որոշակիություն՝ երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից անցկացվող քննարկումներում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ: Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը: Արդյոք նախագծվե՞լ են ճանապարհային քարտեզները, թե՞ աշխատանքը դեռ սկզբնական փուլում է: Ճանապարհների ապաշրջափակումը որքանո՞վ օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մինչ օրս քննարկվել են հարցեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերից: Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Այս պահի դրությամբ արձանագրվել է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա, և աշխատանքները պետք է շարունակել:

Աշխատանքային խումբը ձևավորվել է այն միջազգային փոխադրումների հետ կապված հարցերի ուսումնասիրության համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքները:

Բնականաբար, քննարկվում են տրանսպորտային կապերի երկկողմանի ապաշրջափակման հարցերը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժի ավելացմանն ու տարածաշրջանում առևտրային կապերի զարգացմանը։

Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ամսաթիվը կհամաձայնեցվի համանախագահների կողմից, աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով ենթախմբերի շրջանակում ընթացող քննարկումները:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Սպասու՞մ եք արդյոք «հանգիստ» արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ մտավախություններ ունեն, որ նախընտրական գործընթացներն ու ընտրություններն կարող են հանգեցնել հասարակության մեջ նոր ցնցումների և, հնարավոր է, փողոցում տեղի ունեցող անկարգությունների: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ են պայմանավորված նրանց մտավախությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես գիտեք, մենք առաջարկել ենք անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո, ձևավորված ներքաղաքական լարված իրավիճակը հաղթահարելու նպատակով, և վերջերս խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ ընտրություններ:

2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները եզակի էին նրանով,որ 1996 թվականից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում: Մենք կարողացել ենք ապահովել լիարժեք թափանցիկ, ազատ և արդար ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք բարձր են գնահատել նաև միջազգային դիտորդական կառույցները:

Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով: Վստահ եմ՝ մեր ժողովուրդն այս անգամ ևս իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություններ: Մենք ի վիճակի ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքները վիճարկելու որևէ առիթ չի լինի:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների կգնա ինքնուրո՞ւյն, թե՞ այլ ուժերի հետ դաշինքի կազմում: Ընտրություններից հետո հնարավո՞ր է կոալիցիաների ստեղծում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայում անցկացնում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ, և այդ առումով քննարկումները դեռևս շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիա ձևավորելուն, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

Ապրիլի 7-ին Մոսկվա աշխատանքային այցի նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «Ինտերֆաքսի» սեփական թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, տնտեսական կապերի իր տեսլականի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին:

«Ինտերֆաքս» լ/գ - Պարոն վարչապետ, որքանո՞վ է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան կախված սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և լայնածավալ: Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ առաջիկա արտահերթ ընտրությունների ելքից:

«Ինտերֆաքս» լ/գ - Տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացը ներկայում որքանո՞վ է կախված քաղաքական գործոնից, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից՝ դեռևս 1993 թվականին: Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու դիրքերից, սակայն դրանից հրաժարվում էր հենց Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների։ Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի նման ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

«Ինտերֆաքս» լ/գ - Հայաստանն արդյոք նախատեսո՞ւմ է շարունակել ռուսական զենք գնել, մասնավորապես` Սու-30 ՍՄ կործանիչներ և զինամթերք այդ ինքնաթիռների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

Հաշվի առնելով, որ երկկողմ միջպետական համաձայնագրերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվել և գործում են հայ-ռուսական երկու խմբավորումներ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը, և, բացի այդ, երկու երկրներն էլ հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ, որի ձևաչափում ստեղծվել են նաև զորքեր (հավաքական ուժեր) և միավորված խմբավորումներ, պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից և, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ համատեղելի զենք և զինամթերք։

Նույն պատճառներով, մենք նաև հետաքրքրված ենք, որպեսզի Հայաստան զենքի և զինամթերքի մատակարարումն իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համար է:

Ձեր նշած ինքնաթիռների տեսակի առնչությամբ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային Զինված ուժերի զարգացման ծրագրով:

«Ինտերֆաքս» լ/գ - Դիտարկո՞ւմ է արդյոք Հայաստանը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի հարցը: Ի՞նչ զենքի կարիք ունի Երևանը: Եվ ո՞ր թվականին է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության ներկայիս վարկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայում իրականացնում ենք: Այս փուլում ես իմաստ չեմ տեսնում ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը այն նպատակներից և խնդիրներից առանձին քննարկելը, որոնք կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, բնականաբար, դրանք կսպասարկվեն պատշաճ կերպով և սահմանված ժամկետում:

Թեմայի այլ նորություններ