Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 23 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արարատ 24°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 23 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 23 (թարմացվող առցանց լուսաբանում)

22։56

Շարունակելով մարտական գործողություններին մասնակցող առանձին ստորաբաժանումների մարտունակությունը վերականգնելու փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը ծրագրում Է Ուկրաինայի տարածք տեղափոխել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշ ստորաբաժանումներ։ [Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբ]

22:11

Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի երեկոյան ճեպազրույցի գլխավոր մտքերը

  • Մարիուպոլը շրջափակումից հանել դեռևս հնարավոր չէ։ Ուկրաինայի զինված ուժերի մոտակա ստորաբաժանումները մարտեր են վարում Հյուսիսային Վոլնովախայում։ Մյուս զորամասերը քաղաքից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա են։ Ամբողջ հույսը քաղաքական որոշման վրա է։
  • Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Խերսոնի մատույցներում գտնվող Չերնոբաևկա օդակայանում ոչնչացրել են ռուսական հրամանատարական կետ։ Հնարավոր է, որ զոհվել է բանակի հրամանատարը։

21։49

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։  Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ ուրվագծել է հնարավոր պայմանավորվածությունների մշակման մոտեցումները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

21:47

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբ. «ՌԴ ռազմական ղեկավարությունը նախատեսում է Ուկրաինա ուղարկել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշ ստորաբաժանումներ»:

21:42

Պուտինի ու Մակրոնի բանակցություններն ըստ Ելիսեյան պալատի 

Ֆրանսիայի նախագահը «խիստ մտահոգություն» է հայտնել Մարիուպոլում առկա իրավիճակի վերաբերյալ և կոչ արել ռուս գործընկերոջը դադարեցնել քաղաքի պաշարումը, այդ թվում հաստատել հրադադար և մարդկանց հնարավորություն տալ հասանելիություն ունենալ մարդասիրական օգնությանը։

21:31

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ռուսական ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնաբաժին ձեռք բերել արևմտյան երկրներում, առանց Կենտրոնական բանկի թույլտվության։

21:24

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

Ռուսական կողմը հայտարարությունները դա միայն նրանց դիմումներն են։ Բոլոր այդ հայտարարություններն ունեն նպատակ, որոնց թվում է մեդիայում լարվածության հարուցումը։ Մեր դիրքորոշումները չեն փոփոխվել. հրադադար, զորքերի դուրսբերում և հստակ բանաձևերով անվտանգության կոշտ միջոցներ։

21:12

Պուտինն ու Մակրոնը հերթական հեռախոսազրույցն են ունեցել։ Ահա, թե ինչպես է դա նկարագրում Կրեմլը.

Նախագահները քննարկել են ռուսական և ուկրաինական ներկայացուցիչների բանակցություններում գործերի առկա վիճակը։ Այդ համատեքստում շարադրվել են հնարավոր պայմանավորվածությունների մշակման ռուսական կողմի սկզբունքային մոտեցումները։

Արձագանքելով Էմանուել Մակրոնի կողմից արտահայտված մտահոգություններին՝ Ռուսաստանի նախագահը կրկին ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում զինված ուժերն անում են ամեն հնարավորինը խաղաղ բնակիչների կյանքի փրկության, այդ թվում նրանց անվտանգ տարհանման համար կազմակերպելով հումանիտար միջանցքներ։ Ընդ որում, ուշադրությունը հրավիրվել է ռազմական բազմաթիվ հանցագործությունների վրա, որոնք յուրաքանչյուր օր իրականացվում են ուկրաինական ուժայինների և ազգայնականների կողմից, մասնավորապես, Դոնբասի քաղաքների հրթիռային և հրետանային զանգվածային արկակոծումները։

21։10

ՄԱԿ-ը առաջընթաց է արձանագրում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հումանիտար միջանցքների և օգնության շուրջ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք կոնկրետ հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ տարհանման միջանցքները և մարդասիրական մատակարարման ուղիների հարցում արձանագրում ենք առաջընթաց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ քննարկումներում»,- նշել է նա:

20:36

ՌՊ ՊՆ երեկոյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Գերճշգրիտ հարված է հասցվել Լվովի ավիագործարանին, ոչնչացվել է ուկրաինական մարտական ինքնաթիռների կանգառը։
  • Նիկոլաևի և Վոզնեսենսկի արվարձաններում ոչնչացվել են ուկրաինական սպառազինության և ռազմական տեխնիկայի պահեստներ։
  • Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սադրանք է պատրաստում Դնեպրոպետրովսկում։ Կառույցի աշխատակիցները տարհանել և ականապատել են թիվ 2 քաղաքային հիվանդանոցի մասնաշենքերից մեկը, որպեսզի այն պայթեցնեն ռուսական ցանկացած ինքնաթիռի չվերթի ժամանակ։
  • «Հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացվել է 184 անօդաչու, 1412 տանկ և այլ զրահամեքենա, ինչպես նաև համազարկային կրակի 142 ռեակտիվ համակարգ։

20:21

Վաշինգտոնն ու Պեկինը հայտնել են Ջո Բայդենի և Սի Ցզինպինի տեսակոնֆերանսի ավարտի մասին։ Այն տևել է մոտ երկու ժամ։

Միայն հայտնի է այն մասին, որ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն այն չէ, ինչը Չինաստանը կցանկանար տեսնել։ ՉԺՀ ղեկավարը նաև համարում է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է ջանքեր գործադրեն գլոբալ խաղաղության ապահովման ուղղությամբ։

Ամերիկյան կողմը հայտնում է, որ Բայդենը Սի Ցզինպինին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Պուտինի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։

Նախօրեին Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Չինաստանի առաջնորդին կզգուշացնի խուսափել Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելուց, հակառակ պարագայում Միացյալ Նահանգները պատասխան քայլեր կձեռնարկի նաև Չինաստանի դեմ։

20:02

Մեդինսկին այն մասին, թե ով պետք է կառավարի Դոնբասը

Դոնբասի կառավարման հարցը, այդ տարածքները, բանակցությունների հիմնական հարցն են։ Իրավամբ, մենք այդ հարցին տարբեր կերպ ենք նայում։ Ուկրաինական կողմը կարծում է, որ տարածքների կառավարման հարցը պետք է որոշվի կենտրոնացված կարգով Կիևից։ Իսկ մենք համարում ենք, որ կառավարման հարցը պետք է որոշվի Դոնբասի ժողովրդի կողմից։ Դոնբասի ժողովուրդը 8 տարի առաջ այդ հարցով իր կարծիքն արտահայտել է։ Այդ պահից սկսած, 8 տարի շարունակ, ստիպված է եղել պատերազմել՝ պնդելով սեփական որոշումները։

19։50

«Չեզոք կարգավիճակի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու թեմանները բանակցությունների առանցքային կետերից են․ սրանք այն կետերն են, որոնց շուրջ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց բանակցային դիրքորոշումները»,- հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքով՝ այս կետերում կան նրբերանգներ՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։ «Նրբերանգները կապված են նրա հետ, թե Ուկրաինան, բացի եղածներից, անվտանգության էլ ինչ երաշխիքներ կստանա ՆԱՏՕ-ին միանալու մտքից հրաժարվելու դեպքում»։

19:46

Վլադիմիր Մեդինսկին ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

Չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցության թեմաները բանակցությունների հիմնական հարցերից մեկն են։ Սրանք այն կետերն են, որոնց շուրջ կողմերն առավելագույնս մոտեցրել են իրենց դիրքորոշումները։ Կան նյուանսներ, որոնք կապված են նրա հետ, թե անվտանգության լրացուցիչ ինչ երաշխիքներ կստանա Ուկրաինան, եթե հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ 

Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, ես կասեի, հիսուն-հիսուն։ Հարցը նրանում է, որ ես իրավասու չեմ բացահայտել բանակցությունների որևէ տվյալ և դա չեմ անի. ոչ կոնկրետ թվեր, ոչ բանակցող կողմերի կոնկրետ փաստեր, բայց այս հարցում մենք ինչ-որ տեղ ճանապարհի կեսին ենք։

19։32

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ տեսակոնֆերանսի միջոցով քննարկում են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ Այն անցկացվել է փակ ձևաչափով և քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Զրույցի ընթացքում, ինչպես նշվում է, Չինաստանի ղեկավարը հանդես է եկել խաղաղության պահպանման կոչով և Բայդենին հորդորել է ջանքեր գործադրել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կարգավորելու համար։

19:28

Սախալինի մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոն հայտնել է Ուկրաինայում Վլադիվոստոկից պայմանագրային Ալեքսանդր Գիլևի զոհվելու մասին։

19:20

Մինչ այդ լրատվամիջոցները պարզել են, որ Լուժնիկիում իր ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինի վերարկուն արժեցել է 1 445 000 ռուբլի։ 

19։10

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմումից, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, հայտնում է Liga.net-ը։ «Առարկայական զրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ։ ԵՄ անդամակցության Ուկրաինայի հայցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները պատրստ կլինեն մի քանի ամսվա մեջ։ Կառավարությանն ու Եվրահանձնաժողովին հանձնարարություններ են տրվել։ Համատեղ շարժվում ենք դեպի մեր ռազմավարական նպատակը», - Թվիթերում գրել է Զելենսկին։

19:09

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է այն ուղղությամբ, որ ընդլայնի երկրների կոալիցիան, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

19:03

Հունաստանի վարչապետը թվիթերյան գրառում է արել, որտեղ նշել է, որ Հունաստանը պատրաստ է վերականգնել Մարիուպոլի ծննդատունը։ Ըստ նրա՝ Մարիուպոլը Ուկրաինայում հունական փոքրամասնության կենտրոնն է և «թանկ է հույների համար»։ Ավելի վաղ, Մարիուպոլի դրամատիկական թատրոնը վերականգնելու առաջարկ էր արել Իտալիան։

18։59

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել փուլ առ փուլ անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։ «Այն տուրքերը, որոնք ստանում է յուրաքանյուր երկիր, որոշակի չափաբաժիններով բաժանվում են, ինչն ամրագրված է միության պայմանագրում, այնուհետև՝ հայտնվում համապատասխան երկրների բյուջեներում։ Նախկինում դա տեղի էր ունենում արտարժույթի օգտագործմամբ։ Այսօրվա դրությամբ՝ պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկների», - ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ ՌԴ-ն տուրքերի հիմնական հաշվարկը ստանում է ռուբլիով։ «Այսպիսով՝ մենք անցել ենք ռուբլու միասնական տարածքի ձևավորմանը», - նշել է Ռեշետնիկովը։

18:59

YouTube-ը կարող է մինչև հաջորդ շաբաթվա վերջ արգելափակվել Ռուսաստանում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Роскомнадзор-ին մոտ կանգնած իր աղբյուրին։

18:46

Hromadske-ն հայտնում է, որ իր լրագրող Վիկտորիա Ռոշինան գերի է ընկել։

«Մարտի 12-ին մենք չենք կարողացել կապի դուրս գալ Վիկտորիայի հետ։ Ինչպես մեզ հայտնի է դարձել ականատեսներից, որոնց անունները չենք կարող հայտնել անվտանգությունից ելնելով, այդ պահին լրագրողը գտնվում էր Բերդյանսկում։ Մարտի 16-ին մենք իմացանք, որ նախօրեին (հավանաբար, մարտի 15-ին) Վիկտորիա Ռոշինային ձերբակալել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։ Հիմա նրա տեղակայման մասին ոչինչ հայտնի չէ»։

Hromadske-ն գրում է, որ ձեռնարկվել են բոլոր ջանքերը, «որպեսզի ազատագրեն լրագրողին ոչ հանրային ճանապարհով», բայց դա արդյունք չի ունեցել։ Հեռուստաընկերությունը դիմել է «ուկրաինական և միջազգային հանրությանը»՝ խնդրելով տեղեկատվական աջակցությամբ օգնել Ռոշինայի ազատ արձակմանը։

18:41

Շաբաթ օրվանից ՌԴ ԿԲ պաշտոնական փոխարժեքները

18:33

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել։

«Ես վստահ եմ, որ, հարձակվելով մեր վրա, օկուպանտները կոչնչացնեն այն ամենը, ինչին ռուսական հասարակությունը հասել է վերջին 25 տարվա մեջ։ Եվ կվերադառնան այնտեղ, որտեղից սկսել են բարձրանալ՝ «սրընթաց 90-ականներ» (սկզնաղբյուրում՝ «лихие 90-е»)։ Բայց արդեն առանց ազատության»։

18։29

Շվեյցարիան աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթին և արգելք է սահմանում շքեղ ապրանքների արտահանման, ինչպես նաև որոշ պետական ​​ընկերությունների հետ գործարքների վրա։ Այս մասին ասվում է Դաշնային խորհրդի հայտարարության մեջ:
«Դաշնային խորհուրդը մարտի 18-ի նիստից հետո որոշել է աջակցել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների չորրորդ փաթեթին՝ գործող պատժամիջոցները երկարաձգելով 197 նոր անձանց և 9 նոր կազմակերպությունների վրա»,-ասված է հաղորդագրւթյան մեջ։

18:22

Կրեմլի պնդմամբ՝ Պուտինի ելույթը կիսատ է ցուցադրվել, որովհետև առաջացել են տեխնիկական խնդիրներ։

17:59

Մարդիկ, որոնք ապրել և ապրում էին Դոնբասում, համաձայն չէին պետական հեղաշրջման հետ։ Նրանց դեմ անմիջապես կազմակերպվեցին պատժիչ ռազմական գործողություններ, և ոչ մեկը։ Նրանց գցեցին շրջափակման մեջ, թնդանոթներից պարբերաբար գնդկածության ենթարկեցին, օդային հարվածների ենթարկեցին։ Սա այն է, ինչ կոչվում է ցեղասպանություն։ Գործողության նպատակը մարդկանց սրանից փրկելն է։ [Վլադիմիր Պուտինը՝ «Ղրիմի վերադարձի 8-ամյակի»  համերգ-հանրահավաքին] |ria.ru|

17:48

Լուժնիկիի համերգի տեսանյութը։ Կարծես թե այն ոչ ամբողջական է ցուցադրվել, որովհետև ընթացքում կիսատ են մնում մասնակիցների, այդ թվում Պուտինի ելույթը։

17:30

Լուժնիկիում տեղի ունեցած համերգի ժամանակ ելույթ է ունեցել Վլադիմիր Պուտինը։ 

«Ռուսաստանը քիչ բան չի արել, որպեսզի ոտքի կանգնեցնի Ղրիմն ու Սևաստոպոլը։ Նրանց անհրաժեշտ էր հանել Ուկրաինայի կազմում նվաստացուցիչ վիճակից»,- ասել է նա՝ հավելելով, որ «Ուկրաինայում գործողության նպատակը մարդկանց ցեղասպանությունից ազատումն էր»։

17:21

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեհաստանի վարչապետի Մատեուշ Մորավիեցկու հայտարարությանը, որի համաձայն իրենք մտադիր են «ապառուսականացնել» լեհական և եվրոպական տնտեսությունը․ «Ահա թե ինչ տեսք ունի նացիոնալիզմն ու սեգրեգացիան հիմա»,- արձագանքելով հայտարարությանը՝ տելեգրամյան ալիքում գրել է Մարիա Զախարովան։

16:57

Եվրամիությունն Ուկրաինային է փոխանցել €300 մլն մակրոֆինանսական օգնություն։ Այս մասին Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ «Այսօր Ուկրաինան ստացավ ևս €300 մլն արտակարգ մակրոտնտեսական օգնություն ԵՄ-ից, - գրել է Դոմբրովսկիսը։ - Իր պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի զենքի գնում և առաքում գրոհի ենթարկված երկիր»։

16:48

Բուլղարիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան հայտարարել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին։

16:46

«Українська правда»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների, ՌԴ դեմ սանկցիաների, երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման և այլ հարցրեի մասին։ Կուլեբան նշել է, որ ԱՄՆ-ի հետ միասին իրենք «ստիպել են» Եվրոպային դեռ անցյալ տարի նախապատրաստել ՌԴ դեմ պատժամիջոցները, այդ պատճառով էլ, երբ պատերազմը սկսվեց, դրանք արդեն պատրաստ էին։

16:42

Ուկրաինայի պետգույքի ֆոնդի նախկին ղեկավարի առաջին տեղակալը կասկածվում է պետական դավաճանության մեջ

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի վարկածով՝ փետրվարի 24-ին կասկածյալը «միացել է հակաուկրաինական չաթերին և Ռուսաստանի ու ինքնահռչակ ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի ներկայացուցիչներին է փոխանցել ուկրաինական բանակի անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղակայման վերաբերյալ տվյալներ»։ 

«Ունենալով ռազմական կրթություն՝ նա իրեն հաշիվ է տվել, որ այդ տվյալները կօգտագործվեն թշնամու կողմից՝ խաղաղ քաղաքների հետագա ռմբակոծման համար»,- հայտարարել է ուկրաինական գերատեսչությունը։

16:39

Երգչուհի Շերը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայից փախստականներին ընդունել իր տանը։

16:31

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Լեհաստանում ապաստանած ուկրաինացի փախստականների թիվը հատել է 2 միլիոնը, ինչը գերազանցում է մայրաքաղաք Վարշավայի բնակչության թիվը։ |azatutyun.am|

16:31

Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ մի շարք պատժամիջոցներին

Այն իր մեջ ընդգրկում է Ուկրաինայում ռազմական գործողությունների որոշման կայացման հետ կապ ունեցող անձանց դեմ անհատական պատժամիջոցները, ինչպես նաև տեխնոլոգիաների, ապրանքների և ծառայությունների արտահանման սահմանափակումները։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը պատժամիջոցների այդ փաթեթն անվանել է ամենամեծը, ինչը երբևէ կիրառել է այդ երկիրը։

16:25

Զելենսկի. Եվրոպական հանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կպատրաստի ԵՄ-ին անդամակցության Ուկրաինայի հայտի եզրակացությունը։

16:16

Սոբյանին. օտաերկրյա մասնակցությամբ մոտ 300 ընկերություն դադարեցրել է աշխատանքը Մոսկվայում

«Մենք հասկանում ենք, որ կարող ենք բախվել նոր մարտահրավերների և նոր խնդիրների։ Հատկապես դա վերաբերում է օտարերկրյա մասնակցությամբ ընկերություններին, իսկ այդպիսիք Մոսկվայում շատ են՝ մի քանի հազար և մոտ 300-ն արդեն այսօր հայտարարել են իրենց գործունեության դադարեցման մասին։ Թե ինչպես կշարունակվի նրանց ճակատագիրը դասավորվել, դա իրենց սեփականատերերի որոշումն է։ Մեր խնդիրն է կրճատման դեպքում մարդկանց աշխատանքով ապահովելը, որոնք այնտեղ աշխատում էին»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը։

16։05

Կան խաղացողներ, որոնք երբեք չեն համաձայնի «գյուղի» գոյությանը՝ Ամերիկայի կողմից «շերիֆի» ղեկավարությամբ: Դրանք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]|tert.am|

15:46

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը՝ կարգավորման համաձայնագիր ստորագրելու համար,  կախված կլինի փաստաթղթի կետերից, այն դեռ պետք է համաձայնեցվի։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru|

15:34

Կիևի իշխանություններ. պատերազմի մեկնարկից ի վեր քաղաքում զոհվել է 222 մարդ, ներառյալ 60 քաղաքացիական (այդ թվում 4 երեխա)։ Վիրավորների թիվը կազմում է 889, որոնցից 241-ը քաղաքացիականներ են։ Քաղաքում վնասվել է 55 կառույց, այդ թվում 36 բնակելի շենք, 6 դպրոց և 4 մանկապարտեզ։

15:23

Ռոսկոմնադզոր. YouTube-ի ղեկավարության գործողություններն ունեն ահաբեկչական բնույթ

Ռուսական գերատեսչությունը հայտարարել է, որ YouTube-ում գովազդային հոլովակներ են տարածվում, որտեղ կոչ է արվում Ռուսաստանում և Բելառուսում «շարքից հանել երկաթուղային հաղորդակցությունը»։ «YouTube-ի ղեկավարության գործողություններն ունեն ահաբեկչական բնույթ և սպառնում են Ռուսաստանի քաղաքացիների կյանքին ու առողջությանը»,- հայտարարել է Ռոսկոմնադզորը։ 

Գերատեչսությունը նաև զգուշացրել է Google-ին, որին պատկանում է YouTube-ը, որ իրեն պատկանող ռեսուրսներում, ինչպես Meta-ի պարագայում է, «ծավալվում է ռուսական բանակի, լրատվամիջոցների և, ընդհանուր առմամբ, պետության վարկաբեկում»։

15:09

Լեհաստանում ուկրաինացի փախստակաների թիվը հատել է 2 միլիոնը

«Այսօր՝ մարտի 18-ին, Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Հիմնականում դրանք կանայք և երեխաներ են»,- հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։

UNICEF-ի տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր յուրաքանչյուր օր փախստական է դառնում միջինում ավելի քան 75 000 երեխա։ 

«Առավել շոկային թիվ. յուրաքանչյուր րոպե երկիրը լքում է 55 երեխա»,- այս շաբաթի հայտարարել էր կազմակերպության մամուլի քարտուղար Ջեյմս Էլդերը։

15:02

Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովա. Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ավերված շենքի ռմբապաստարանից հանվել է 130 մարդ, սակայն նկուղներում դեռ մնում են ավելի քան 1300-ը։

14:35

Ռուսաստանում կենցաղային խոշոր տեխնիկան երեք շաբաթվա ընթացքում թանկացել է 50 %-ով, իսկ դրա նկատմամբ պահանջարկն աճել երկու անգամ։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շուկայի վերլուծության վրա, որն իրականացվել է ապրանքների և գների համեմատման Price.ru ծառայության կողմից։

14:29

Դմիտրի Պեսկովը Պուտինի վերաբերյալ Ջո Բայդենի պնդումների մասին։

«Մենք, հավանաբար, որևէ կտրուկ գնահատական չենք տա, որպեսզի չհարուցենք մեծ ագրեսիվություն»,- նշել է Պեսկովը։

14:27

Ուկրաինայի դենացիֆիկացիան ենթադրում է յուրաքանչյուր օրենքի չեղարկում, որը խտրականության է ենթարկում ռուսալեզու բնակչությանը։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ RT-ին տված հարցազրույցում] |tass.ru|

14:19

Պուտինը Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է բանակցությունների ժամանակ Կիևի «ոչ իրատեսական առաջարկների մասին»։

14:13

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հարցազրույցի տեսատարբերակը։ Տեքստային տարբերակը կարելի է կարդալ Meduza-ի կայքում։

 

14:02

Լավրովի հարցազրույցից այլ մտքեր.

  • Ռուսաստանի վրա պատժամիջոցներով ճնշումը շարունակվում է, սակայն ՌԴ-ն սովորել է դրան։
  • ՌԴ-ի դեմ սահմանվել է ավելի քան 5 հազար անհատական պատժամիջոց, դա ռեկորդ է։
  • Պատրանքը, որ Ռուսաստանը կարող է իր հույսը դնել արևմտյան գործընկերների վրա, հիմա ամբողջությամբ վերացել է։
  • Արևմուտքի պատժամիջոցների ուղղությամբ մեր արձագանքը Ռուսաստանի տնտեսական ուղղության փոփոխության սկիզբն է միայն։
  • Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կպնդի բիոլաբորատորիաների հետ կապված իրավիճակի քննարկում։

Լավրովը հույս ունի, որ իրավիճակի կարգավորումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններն աստիճանաբար կվերադառնան նորմալ հունի։

13։56

Ուկրաինայի կառավարությունը և Համաշխարհային բանկը որոշել են 100 մլն դոլարի օգնություն տրամադրել բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերին։ Այս միջոցները հնարավորություն կտան 172,000 ուսանողի ակադեմիական կրթաթոշակ վճարել և 50,000 ուսանողի՝ սոցիալական կրթաթոշակ։ [Ուկրաինայում Համաշխարհային բանկի գրասենյակ] |unian.net|

13:55

Սերգեյ Լավրովն ավարտել է RT-ին տված իր հարցազրույցը։ Հիմնական հայտարարությունն այն է, որ Ուկրաինայի տարածք բերվող զինամթերքի բեռները կդառնան Ռուսաստանի «հատուկ գործողության» օրինական թիրախ։

13:37

Human Rights Watch. ռազմական գործողությունների առաջին 11 օրերի ընթացքում Խարկովում, ենթադրաբար, սպանվել կամ վիրավորվել է 450 խաղաղ բնակիչ։

13։36- Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում, RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք շատ հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, որը մենք կհամարենք զենք փոխադրող, կդառնա օրինական թիրախ»,- ասել է արտգործնախարարը։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Կիևին S-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։ |tass.ru|

13:23

Ռամզան Կադիրովը Ջո Բայդենին «մոլագար» է անվանել, որն էլ իր հերթին Պուտինին անվանել էր «արյունալի բռնապետ և իսկական գլխատիչ»։

«Եվ այդ մոլագարը, որը հանդգնում է իրեն համաշխարհային ժանդարմ կարգել, լկտիություն ունի մեր նախագահին գնահատական տալո՞ւ։ Չկա այսօր պետությունների գործող առաջնորդների մեջ առավել ակնհայտ ռազմական և տնտեսական հանցագործ, քան Ջո Բայդենը։ Ավտորիտար ինքնակառավարողի և իշխանատենչ բռնակալի տիպիկ օրինակ է։ Ողջ քաղաքակիրթ աշխարհը դա պարզ հասկանում է։ Խնդիրը միայն նրանում է, որ ոչ բոլորն են հանդգնում բարձրաձայնել։ Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Իրադարձություններից առաջ չընկնենք»,- հայտարարել է Կադիրովը։

13:11

Rutracker-ի ներկայացուցիչը Forbes-ին հայտարարել է, որ ծառայությունը հասանելի չի լինի ռուսաստանցիների համար, եթե նույնիսկ իշխանությունները արգելաբացեն այն։

Հարթակը «ներկայիս իրավիճակում չի աջակցում ռուսական իշխանությունների որևէ քայլի», ընդգծել է Forbes-ի զրուցակիցը։

12:57

Փոխանցվում է Կրամատորսկին հարվածի մասին։

12:45

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. 19 մարդ տուժել է, 1 մարդ զոհվել Կիևի բնակելի շենքերից մեկի վրա հրթիռի մնացորդների ընկնելու հետևանքով։

12։25

Փետրվարի 24-ից (ՌԴ-ի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից- խմբ․) մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում Բելառուս է ժամանել Ուկրաինայի 2305 քաղաքացի։ [Բելառուսի սահմանային կոմիտե]

12:24

ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է Ուկրաինայի բնակչի ձերբակալության մասին, որը մեղադրվում է ծայրահեղականության մեջ՝ ռուսաստանցի զինծառայողների դեմ Instagram-ում տարածած հոլովակների համար։

12։20

Եվրոպայի նախկին և գործող քաղաքական գործիչները և Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակով պարգևատրելու նախաձեռնությամբ: Այդ մասին վկայում է nobelprizeforukraine կայքում հրապարակված նամակը:

12:17

Сбербанк-ը սահմանափակել է դոլարով և ֆունտով փոխանցումների իրականացումը։

12:14

Այսօր Ռուսաստանի ողջ տարածքում ակցիաներ կլինեն ի աջակցություն Ռուսաստանին Ղրիմի միացման։

12:12

Բրիտանական Ofcom մեդիակարգավորիչը հայտարարել է Մեծ Բրիտանիայում RT հեռուստաընկերության ցուցադրման լիցենզիայի հետ կանչի մասին։

Մինչ այդ, ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, Մեծ Բրիտանիայի գլխավոր հեռուստացանցերը RT-ն հեռացրել էին հասանելի հեռուստաընկերությունների ցանկից։

12:10

Ռուսական ռազմական գերատեսչությունը քարտեզ է հրապարակել, որտեղ, ինչպես պնդվում է, երևում են ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի «ազատագրված» տարածքները։

11:57

Խարկովում դեռևս մարում են Եվրոպայի ամենամեծ շուկային հարվածի արդյունքում առաջացած հրդեհը։

11:54

Ինչի պահանջարկն է մեծացել ռուսաստանցիների շրջանում (ըստ «Коммерсант»-ի տվյալների)

11:51

Պետերբուրգի նահանգապետը հայտարարել է, որ քաղաքից հեռացող արևմտյան ընկերություններին փոխարինելու կգան Ուզբեկստանից, Ղազախստանից, Հնդկաստանից և արաբական երկրներից ներդրողները։

«Արդեն կան առաջարկներ, շուկան շուկա է և առաջարկները շատ են»,- «78» հեռուստաընկերության եթերում ասել է Ալեքսանդր Բեգլովը։

11:47

Լվովի ուղղությամբ հարվածների տակ է ընկել նաև ավիավերանորոգման գործարանը։ Քաղաքապետ Անդրեյ Սադովոյի խոսքով՝ գործարանի շենքն ավերվել է։

11:45

Կիևի իշխանությունները հայտնել են Պոդոլսկի շրջանում բնակելի թաղամասին հարվածելու մասին։

Տեղում աշխատում են փրկարարներն ու բժիշկներ։ Տուժածների թիվը ճշտվում է։

11:42

Ինչու է կարևոր Լվովը, որին այսօր հարվածել են։ Բացատրում է CNN-ը.

  • Տեղակայում. քաղաքը գտնվում է Լեհաստանի հետ սահմանից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի վրա հարձակումը կարող է ունենալ միջազգային հետևանքներ։
  • Փախստականներ. 700 000-ից մի փոքր ավելի բնակչություն ունեցող քաղաք է ժամանել մոտ 200 000 փախստական՝ երկրի մյուս հատվածներից։
  • Լոգիստիկա. Ուկրաինայի արևմուտքով է անցնում ուկրաինական զինծառայողներին զինամթերքի մատակարարումը։
  • Մշակույթ. Լվովի պատմական կենտրոնը հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, իսկ տեղի թանգարանում պահվում է Ուկրաինայի միջնադարյան հոգևոր արվեստի և ձեռագրերի ամենաամբողջական հավաքածուն։
  • Ժամանակավոր բազա. քաղաքը դարձել է բազմաթիվ լրատվամիջոցների, կազմակերպությունների և դեսպանությունների տեղակայման վայր, որոնք ստիպված էին լքել Կիևը։

11:36

Պուտինը դարձյալ Նաբիուլինայի թեկնածությունն է առաջադրել Ռուսաստանի բանկի նախագահի պաշտոնում։

11:33

Խարկովում հարվածել են Ուկրաինայի նախագահին կից կառավարման ակադեմիային։

11:32

Դոնեցկի ոստիկանության ներկայացուցիչը հերքում է Դոնբասի վրա ոչ թռիչքային գոտու ստեղծման լուրը։

11:30

Ինչ է կատարվել մարտի 18-ի գիշերը` հակիրճ.

  • Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական բանակում խնդիրներ կան մարտական ոգու, լոգիստիկայի և մարտավարության հետ, իսկ ամերիկյան ու բրիտանական ռազմական գերատեսչություններն էլ կարծում են, որ ռուսական կողմը դանդաղեցնում է հարձակումը։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում կզգուշացնի Պեկինին ձեռնպահ մնալ Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանին հնարավոր օգնությունից։
  • «Միասնական Ռուսաստան»-ը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն՝ արտասահմանում ռուսական պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար։
  • S&P գործակալությունը իջեցրել է Ռուսաստանի վարկային վարկանիշը մինչև «դեֆոլտը առավել քան հավանական է» մակարդակի։
  • Լվովում հնչել են պայթյունների ձայներ։ Քաղաքապետը հայտարարել է օդանավակայանի շրջանում ավիահարվածների մասին։
  • Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
  • Ռուսաստանի հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև մարտի 26։

11։22

ՌԴ ՊՆ-ն հայտնում է

  • Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները, որոնց աջակցում են ռուսական ուժերը, սեղմում են Մարիուպոլի շրջափակման օղակը և քաղաքի կենտրոնում կռվում են նացիոնալիստների դեմ։
  • Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ուժերը ռուսական զորքերի աջակցությամբ ազատագրել են հանրապետության տարածքի 90%-ը։ 
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարքեր։ |tass.ru|

11։09

Նախնական տվյալներով՝ Սև ծովից [Լվովի ուղղությամբ] արձակվել է 6 թևավոր հրթիռ` X-555։ Ոչնչացվել է երկու հրթիռ։ [«Ուկրաինայի ԶՈՒ օդային հրամանատարության՝ «Запад» զենիթահրթիռային զորքեր»]

11:00

Ռուսական Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովան, որն օրեր առաջ հեռուստաալիքի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա է կազմակերպել, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնել է նրա օրինական շահերի ներկայացուցիչ Սերգեյ Բադամշինը։ |meduza.io|

10։49

Ռուսական հրթիռներ են ընկել Լվովի մարզի օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։ Ավելի ուշ նա մանրամասնել է, որ մի քանի հրթիռ խոցել է ինքնաթիռների վերանորոգման գործարանը։ Հարվածներից ավերվել են դրա շինությունները։ Ըստ քաղաքապետի՝ գործարանի ակտիվ աշխատանքը նախապես դադարեցվել էր, ուստի տուժածներ այժմ չկան։

10։25

Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի հրետակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնից։ «ԴԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ ուկրաինական ստորաբաժանումների հրետակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնեցկի Կիրովի շրջանում։ Հանգամանքները ճշտվում են»։ Կենտրոնը հայտնում է նաև, որ տեղեկություն է ստացվել ևս մեկ խաղաղ բնակչի վիրավորման մասին։

10։08

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս հանել Ուկրաինայից։ 

09:45

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայանալիք հեռախոսազրույցում մտադիր է անդրադառնալ Ուկրաինայի թեմային։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով Բայդենն ակնկալում է Ծինփինից բացատրություն ստանալ ՌԴ կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման հետ կապված:

Թեմայի այլ նորություններ