Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 22 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    37%
    4 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    45%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 22 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 22 (թարմացվող առցանց լուսաբանում)

17:16

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Ղրիմի և Սևաստոպոլի զարգացման վերաբերյալ: Հիմնական մտքերը.

  • 2014 թվականին ղրիմցիները և սևաստոպոլցիները «արիություն, հայրենասիրություն են ցուցաբերել և պատի պես կանգնել նեոնացիստների և արմատականների ճանապարհին», որոնք Կիևում գրավել էին իշխանությունը։
  • Տարիներն ապացուցել են, թե ինչքանով էր ճիշտ և տեղին նրանց ընտրությունը։ Բավական է տեսնել, թե ինչ է հիմա կատարվում Դոնբասում։
  • Պատժամիջոցները ոչ միայն խնդիրներ են ստեղծում, այլև բացում նոր հնարավորություններ։ Խոշոր բիզնեսը, որն առաջ վախենում էր պատժամիջոցներից, հիմա ազատ կարող է գործել Ղրիմում։

17:05

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մոտալուտ ավարտ և խաղաղության ձեռքբերում։ |belta.by| 

17:03

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը կստեղծեն ներքին մրցաշարարերի համակարգ։ Պատճառը միջազգային մրցաշարերին ռուսաստանցիների մասնակցության չթույլատրումն է։

16։59

Լիտվայի խորհրդարանը (Սեյմ) միաձայն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ՄԱԿ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի երկնքում «ոչ թռիչքային գոտի» ապահովելու համար։

16:52

Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչև. ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերին, չեզոքության խախտման պարագայում, պետք է ճանաչել անորակ, ինչպես սպառողական արտադրանքը։

16:37

Մարտի 18-ի կեսգիշերից Ռուսաստանի և Բելառուսի միջև ճանապարհորդությունների բոլոր սահմանափակումները հանվում են։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։ Նա նշել է, որ որոշումը այս պահին կարևոր է՝ հաշվի առնելով Արևմուտքի ճնշումը։ |ria.ru|

16:35

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը համաձայնագիր է պատրաստում ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում տրված դիպլոմների և գիտական աստիճանների Ռուսաստանում ճանաչման վերաբերյալ։

16։20

ՌԴ մարտավարությունը հետևյալն է՝ դիրքային մարտեր առաջնագծի ողջ երկայնքով, քաղաքացիների համար տեղային «թակարդների» ստեղծում, նպատակային հարվածներ այն օբյեկտներին, որտեղ թաքնված են խաղաղ բնակիչները, մարդասիրական միջանցքների վերաբերյալ որոշումների կայացման հարցում առավելագույն հապաղում, տեղեկատվական միջոցներով մեր երկրի ներսում ներքին բախումներ հրահրելու փորձեր։ [ՌԴ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչ Միխայել Պոդոլյակ]

16:19

«Дождь» հեռուստաընկերության աշխատակցին Ղազախստանից արտաքսել են Ռուսաստան։

Նրա հետ արտաքսվել է ևս ութ մարդ, որոնք գտնվում էին միևնույն հյուրանոցում։

16:10

Զելենսկին Գերմանիայի Բունդեսթագում ելույթ ունենալիս հիշել է Բեռլինի պատի փլուզումը։ Նա Օլաֆ Շոլցին հորդորել է քանդել, ինչպես ինքն է ասում, «ազատ և անազատ» Եվրոպայի միջև պատն ու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան՝ մեկուսացնելով Ուկրաինային ՌԴ հետ իր բիզնես կապերով և «Հյուսիսային հոսք 2» գազատարին նախկինում աջակցելով։ Բունդեսթագում Զելենսկուն ողջունել են բուռն ծափահարություններով։ Հիշեցնենք, որ Գերմանիան անցյալ ամիս դադարեցրել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը, որով կրկնապատկվելու էր ռուսական գազի ուղիղ հոսքը դեպի Գերմանիա:

16:10

Խարկովի արկակոծման հետևանքով նաև եկեղեցի է վնասվել։ Վնասվել են եկեղեցու տանիքը, լուսամուտները և դռները։

 

16:02

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դադարեցրել է Ռուսաստանից դատավոր Միխայիլ Լոբովի լիազորությունները։ Նա իր պարտականությունների կատարմանն անցել էր 2022 թվականի հունվարի 1-ից։

Նախօրեին Ռուսաստանը հեռացվել էր Եվրոպայի խորհրդից, իսկ ՄԻԵԴ-ը դադարեցրել էր ՌԴ դեմ բոլոր բողոքների ուսումնասիրությունը, որպեսզի գնահատի ԵԽ-ից Ռուսաստանի դուրս գալու «իրավական հետևանքները»։

15:41

Тинькофф բանկը հերքում է պլաստիկի դեֆիցիտի վերաբերյալ սեփական տեղեկատվությունը

Մարտի 16-ին Тинькофф-ը Twitter-ում պատասխանել էր օգտատերերից մեկին՝ նշելով, որ ժամանակավորապես չի թողարկում «Мир» պլաստիկ քարտեր, քանի որ ավարտվել են բանկի պլաստիկի պաշարները։

Ավելի ուշ, բանկը ջնջել էր իր թվիթը՝ նշելով, որ բակում «սխալվել են պատասխանի հետ»։ «Մենք թողարկել և թողարկում ենք «Мир» քարտեր, մեր պաշարները բավարար են, որպեսզի քարտերով ապահովենք բոլոր ցանկացողներին»,- հայտարարել է բանկը։

 

15։38

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում: «Բանակցություններում իմ առաջնահերթությունները միանգամայն պարզ են՝ պատերազմի ավարտ, անվտանգության երաշխիքներ, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության վերականգնում, իրական երաշխիքներ մեր երկրի համար, մեր երկրի իրական պաշտպանություն»,- ասել է նա։

15։22

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։ Քննարկվել են նաև Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

15:20

Միշուստին. այսօր կեսգիշերին կհանվեն Ռուսաստանի և Բելառուսի միջև քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները։

15:16

Ուկրաինայի ռազմական հետախուզություն. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40 000 գրոհային։ 

Մեկ շաբաթ առաջ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հայտնել էր Մերձավոր Արևելքից 16 հազար կամավորների մասին, որոնք ցանկացել են կռվել Դոնբասում։ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր օգնել նրանց հայտնվելու «մարտական գործողությունների գոտում»։

15:08

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ. խոսել եմ Nestle-ի գործադիր տնօրեն Մարկ Շնայդերի հետ՝ Ռուսաստանում ընկերության ոչ էթիկական գործունեության վերաբերյալ։ Չենք գտել փոխըմբռնում։

14։53

Մոսկվան չի կարող հաշվի առնել ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը, որը պահանջել է անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Միջազգային դատարանն այնպիսի հասկացություն ունի, ինչպիսին է կողմերի համաձայնությունը։ Այստեղ ոչ մի համաձայնություն լինել չի կարող։ Տվյալ դեպքում՝ սա մի բան է, որը մենք չենք կարող հաշվի առնել։ [Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով]

14:52

Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան հաստատել է, որ Մարիուպոլի թատրոնի ապաստարանում գտնվող մարդիկ կենդանի են մնացել։

14։47

Բորիս Ջոնսոնն ասել է, որ Ռուսաստանի նախագահի «ներխուժումն արդեն ձախողվել է», քանի որ նա թերագնահատել է Ուկրաինայում «դիմադրության ուժը»: Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցողից՝ Ջոնսոնն ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինն այնտեղ «ռազմական հանցագործություններ է կատարում»։  Ջոնսոնը նաև մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք «սկսել են կրկին Պուտինին վերաբերվել որպես իրենց համայնքի մի մասի»՝ 2014 թվականին «Ղրիմի բռնակցումից հետո»։

14:35

Էստոնիայի խորհրդարանի որոշումից հետո Լիտվայի խորհրդարանը ևս աջակցել է ՄԱԿ-ին ուղղված բանաձևին, որով կոչ է արվում Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի հայտարարել ռուսական ավիացիայի համար։

 

14։04

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունը ԴԺՀ տարածքում «ազատագրել է» 95 բնակավայրեր։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ռազմական վարչության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ «Այս պահին մենք ազատագրել ենք մեր հանրապետության 95 բնակավայրեր, տարածքների ազատագրումը շարունակվում է»,- ասել է նա «Россия 24»-ի եթերում։

14:04

Դմիտրի Պեսկովը ռուս-ուկրաինական բանակցությունների մասին.

«Աշխատանքները շարունակվում են։ Երբ կլինի առաջընթաց, մենք կհայտնենք»։

14:03

Тинькофф-ը չունի պլաստիկ՝ պլաստիկ քարտերի արտադրության համար։

14:01

Xerox ընկերությունը դադարեցրել է Ռուսաստան մատակարարումները։

14։00

Եվս մեկ անգամ շեշտեմ այն, ինչ չեն ուզում տեսնել ոչ արևմտյան լրատվամիջոցները, ոչ էլ նույնիսկ արևմտյան վերնախավը․ այս հատուկ գործողությունը ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ, այն նպատակ չունի զավթել երկրի տարածքը, ոչնչացնել պետականությունը, տապալել գործող նախագահին։ Մենք նորից ենք կրկնում դա։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա]

13:39

«Лукойл»-ի տնօրենների խորհուրդը լքել են երեք արտասահմանցիներ, այդ թվում Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելը։

13:25

Ուկրաինացի պատգամավոր. մարդիկ, որոնք թաքնվել էին Մարիուպոլի թատրոնում, կենդանի են մնացել

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր և Դոնեցկի մարզի նախկին ղեկավար Սերգեյ Տարուտան հայտարարել է, որ Մարիուպոլի Դրամատիկական թատրոնի տակ գտնվող ռմբապաստարանը, որը նախօրեին հրթիռակոծվել էր, չի տուժել։ «Սկսել ենք փլատակները մաքրել, մարդիկ կենդանի են դուրս գալիս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարուտան։

Այլ աղբյուրներ դեռևս չեն հաստատել այս լուրը։ Ավելի վաղ, Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտարարե էր, որ թատրոնի շենքում թաքնվել է մի քանի հարյուր մարդ։

13։19

Հակառակորդը քաղաքին սիստեմատիկ հրետանու և օդային հարվածներ է հասցնում՝ ոչնչացնելով Չեռնիգովի քաղաքացիական ենթակառուցվածքը։ Անցած 24 ժամվա ընթացքում դիահերձարան է բերվել ռուսների կողմից սպանված 53 մարդու դի։ [Չեռնիգովի մարզային պետական վարչակազմի ղեկավար] |ukrinform.net|

13։17

Ռուսական ներխուժումն Ուկրաինա զգալիորեն դանդաղել է բոլոր ուղղություններով, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում․ «Վերջին օրերին ռուսական զորքերը նվազագույն առաջընթաց են գրանցել ցամաքում, ծովում և օդում և շարունակում են մեծ կորուստներ կրել։ Ուկրաինայի դիմադրությունը կայուն է և լավ համակարգված։ Ուկրաինայի տարածքի մեծ մասն, այդ թվում՝ խոշոր քաղաքներն, ուկրաինացիների ձեռքում են»։

13։02

Լիտվայի սեյմը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի սահմանելու համար, որ դադարեցվեն խաղաղ բնակչության զանգվածային մահերը։ Այս մասին նշվում է Սեյմի թվիթերյան գրառման մեջ։

12:57

Ուկրաինայի ավելի քան երեք միլիոն բնակիչ փախստական է դարձել, նրանց խաղաղություն է պետք, և ողջ աշխարհում մարդիկ դա են պահանջում։ Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը հենց հիմա: Այս մասին գրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Թվիթերի իր էջում։

13:12

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը եվրոբոնդերի վճարումն արել է արժույթով։

Դա նշանակում է, որ Ռուսաստանին տեխնիկական դեֆոլտ այս պահին չի սպառնում։

12:48

Ուկրաինայի ԱԳ նախարարը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Լեհաստանից Ուկրաինա ինքնաթիռների տեղափոխումն ուշանում է, քանի որ ԱՄՆ-ն վախենում է լրացուցիչ էսկալացիայից, ասել է․ «Ես բացարձակ չեմ ընդունում այն փաստարկը, որ ինչ-որ բան պետք չէ անել, քանի որ դա կբերի հետագա էսկալացիայի»: Կուլեբայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, շատ քիչ բան է անում այս իրավիճակում և ինչ-որ բան անելը պատվիրակել է անդամ երկրներին։ 

12:47

Վլադիմիր Զելենսկին տեսակապով հանդես է եկել Բունդեսթագում։ Ելույթից հետո պատգամավորները հոտնկայս ծափահարել են։

Ավելի վաղ, Զելենսկին հանդես էր եկել ԱՄՆ կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության խորհրդարանների առաջ։

 

12:41

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ «նոր փաստաթղթեր կներկայացվեն այն մասին, որ Ուկրաինայի տարածքից մարդու կենսանյութերի մեծ քանակ է տեղափոխվել Մեծ Բրիտանիա և եվրոպական այլ երկրներ»՝ հավելելով, որ առաջիկայում մենք կհրապարակվի կենսալաբորատորիաների ուկրաինացի աշխատակիցներից ստացած փաստաթղթերի նոր փաթեթը և կներկայացվեն դրանց փորձաքննության արդյունքները։ |tass.ru|

12:40

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինան իսկապես կարող է չեզոք կարգավիճակի համաձայնվել անվտանգության երաշխիքների դեպքում, ԱԳ նախարարը նշել է.«Ռուսաստանը մի շարք պահանջներ ունի Ուկրաինայի նկատմամբ: Դրանք, ըստ էության, կապիտուլյացիայի վերջնագիր են: Մենք մերժում ենք այս մոտեցումը, ցանկանում ենք բանակցություններ, որոնց շրջանակներում կգտնվեն հավասարակշռված լուծումներ»։

12։33

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի ոչնչացնելու այդ երկրի պետականությունը կամ տապապելու նախագահին։ [ՌԴ ԱԳՆ] |ria.ru|

12:26

Մարիուպոլի փոխքաղաքապետի հարցազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Մարիուպոլի պաշարման մեկնարկի պահին քաղաքում մնում էր 350-450 հազար մարդ։ Հարցազրույցի պահին զոհվել էր արդեն 2358 մարդ։ Սակայն փլատակների տակ դեռ մարդիկ կան, այնպես որ զոհերի թիվը կարելի է կրկնապատկել։
  • Քաղաքային շինությունների 80-90 %-ն ամբողջությամբ կամ մասամբ ավերված է։ Չկա առանց վնասման որևէ շենք։ Որևէ գործարան չի աշխատում։
  • Մարդիկ ջուրը վերցնում են հորերից, ջեռուցման համակարգերից և, ինչպես ասում են, ցեխաջրերից։ 
  • Ռուսական զորքերը գրավել են հիվանդանոցը և ազատ չեն արձակում անձնակազմին։ Երկու օր առաջ այնտեղից տվյալ ստացանք, որ վիրավոր ռուսաստանցիներին բերում են հիվանդանոց և մեր անձնակազմին ստիպում բուժել նրանց։

12:19

Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար. Մենք չենք ճանաչում ԴԺՀ և ԼԺՀ անկախությունն ու դեմ ենք Ուկրաինայում պատերազմական գործողություններին։

12:11

ՌԴ ՊՆ-ն նոր ճեպազրույց է տարածել։ Հիմնական մտքերը.

  • ԱՄՆ-ն Ուկրաինայում տարիներ շարունակ չղջիկների միջոցով մարդու հիվանդությունների փոխանցման ուղիների ուսումնասիրման գաղտնի նախագիծ է իրականացրել։
  • ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում խիստ հարուցիչ թռչնագրիպով վարակման նախագծի շրջանակներում գնահատվել է նաև տնտեսական վնասի հնարավորությունը։
  • Ռովենի մարզում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է զինամթերքի պահեստ, որտեղ պահվում էին «Точка-У» համալիրի հրթիռներ։
  • Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան և ՀՕՊժ-ը խոցել են Ми-24 և Ми-8 ուղղաթիռներ, ինչպես նաև՝ 12 անօդաչու։
  • Մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է զենիթահրթիռային 11 համալիր, այդ թվում՝ С-300-ի դիվիզիոն։
  • ՌԴ ՊՆ-ն հրապարակում է Ուկրաինայում բիոլաբորատորիաների մշակման փաստաթղթերի նոր փաթեթ և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։

12։08

Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Կամիլովը երկրի Մեջլիսում ելույթի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին։ «Ուզբեկստանը ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Մենք չճանաչեցինք Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները»,- ընդգծել է արտգործնախարարը։ |gazeta.uz|

12:07

Մոլդովայի նախագահ Մայա Սանդու. Մենք միշտ պահանջել ենք Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերում

Այդ մասին Մոլդովայի նախագահը հայտարարել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի հեռացման ԵԽԽՎ բանաձևը մեկնաբանելիս, որտեղ նշվում է նաև «մերձդնեստրյան տարածաշրջանի բռնազավթման մասին»։

ԵԽԽՎ-ում մոլդովական պատվիրակության ղեկավար Վլադ Բատրինչան բանաձևն անվանել էր «վտանգավոր փորձ»՝ Մոլդովային ներգրավելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությանը։

12:05

Twitter-ը մակնշել կամ հեռացրել է Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ ավելի քան 50 000 ոչ հավաստի տեղեկատվություն։

12:03

Netflix-ն ԱՄՆ-ի իր հարթակում ավելացրել է «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը։

 

11:59

Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել NBC-ին։ Հիմնական մտքերը.

  • Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են, բայց շատ դժվար են ընթանում։
  • Որևէ մեկը չգիտի՝ կսկսվի, արդյոք, Երրորդ համաշխարհային պատերազմ, եթե ԱՄՆ-ն ապահովի Ուկրաինայի օդի փակումը։ Կարող է այն արդեն իսկ սկսվել է։ Եվ որևէ մեկը չգիտի, թե ինչ կլինի հետո, եթե Ուկրաինան գրավվի։
  • Ռուսաստանը հատեց բոլոր կարմիր գծերը, երբ սկսեց ռմբակոծել խաղաղ բնակչությանը։

11:52

Նոր ռազմական օգնության փաթեթի շրջանակներում ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Switchblade 100 «դրոն կամիկաձե»

Այդ մասին Politico-ին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանրապետականների առաջնորդ Մայքլ Մաքքոլը և հաստատել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անանուն ներկայացուցիչը։

11։48

Կարևորը՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի ճեպազրույցից․

  • ՌԴ ՊՆ-ն փաստաթղթերի նոր փաթեթ կհրապարակի Ուկրաինայի կենսալաբորատորիաների մշակումների վերաբերյալ և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։
  • Ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է 11 զենիթահրթիռային համակարգ։
  • Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան և հակաօդային պաշտպանությունը խոցել են «Ми-24» և «Ми-8» ուղղաթիռներ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի 12 անօդաչու թռչող սարքեր։ |tass.ru|

11:48

Որ դեղագործական կազմակերպություններն են սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանում

«Ведомости»-ն կազմել է դեղագործական ընկերությունների ցանկը, որոնք հրաժարվել են Ռուսաստանում իրենց արտադրանքի նոր կլինիկական հետազոտությունների իրականացումից։

  • Pfizer
  • Eli Lilly
  • AbbVie
  • Sanofi
  • MSD

Բացի այդ, Pfizer-ը, Bayer-ը, Eli Lilly-ը, Abbott Laboratories-ը և Novartis-ը հայտարարել են իրենց ներդրումների դադարեցման մասին, որոնք կապ չունեն Ռուսաստան դեղամիջոցների ներկրման հետ։ Իսկ Eli Lilly-ն ի հավելումն որոշել է դադարեցնել Ռուսաստան իր դեղամիջոցների մի մասի արտահանումը։

11:44

Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի դպրոցներից մեկը

Քաղաքապետ Վենիամին Սիտովը հայտարարել է, որ ռուսական հրթիռակոծության հետեւանքով ավերվել են դպրոցն ու մշակույթի տունը, ինչպես նաև՝ վնասվել հարևան բնակելի շենքերը։

11:42

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններից ի վեր 43 հարձակում է իրականացվել բժշկական հաստատությունների վրա։

11:37

ԱՄՆ-ն ստեղծել է Արևմուտքում ռուսական ակտիվների որոնման և ձերբակալության միջազգային խումբ։

Դրա կազմում մտել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։

11:35

ՌԴ տրանսպորտի նախարարություն. Ռուսաստան են թռչում 20 երկրների 29 ավիաընկերություններ

Այդ երկրների թվում են Ալժիրրը, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան, Իսրայելը, Հնդկաստանը, Իրաքը, Ղազախստանը, Քաթարը, Ղրղզստանը, Մարոկկոն, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Սերբիան, Սիրիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։

Արտասահմանյան թռիչքներ էլ իրականացնում են ռուսական 6 ավիաընկերություններ՝ դեպի Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղրղզստան, ԱՄԷ, Տաջիկստան, Թուրքիա և Ուզբեկստան։

11։33

Մոսկվան Վաշինգտոնի հետ ակտիվ բանակցային գործընթաց չի վարում, միայն առանձին շփումներ են տեղի ունենում ծագող առանձին խնդիրների շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Live» հաղորդման եթերում։ |tass.ru|

11:32

Դմիտրի Մեդվեդևը գրանցվել է Telegram-ում։ Նրա առաջին գրառումը եղել է «Արևմուտքի մոլի ռուսատյացության» մասին

«Ռուսաստանը բավարար հզորություն ունի, որպեսզի իր տեղը դնի մեր երկրի բոլոր լկտիացած ոչ բարեկամներին։ Մենք կշարունակենք հետագայում ևս պայքարել այդ աշխարհակարգի համար, որը ձեռք է տալիս Ռուսաստանի Դաշնությանն ու նրա քաղաքացիներին։ Որտեղ չկա տեղ սառեցված նացիստներին, պատմական ստին և ցեղասպանությանը։ Բարոյական ուժն ու պատմական ճշմարտությունը, ինչպես նախկինում, մեր կողմն են»,- գրել է Մեդվեդևը։

11:30

Ինչ է կատարվել մարտի 17-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայում ռազմական գործողություններից ի վեր կարող է զոհված լինել շուրջ 7000 ռուսաստանցի զինծառայող։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։
  • Ռուսաստանում խոշորագույն բեռնատար ավիափոխադրողը՝ «Волга-Днепр»-ն ամբողջությամբ դադարեցրել է իր թռիչքները։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Կրեմլում հայտարարել են, որ այդպիսի հռետորաբանությունն անթույլատրելի է։
  • Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է, թե իր ուժերն են հրթիռակոծել Մարիուպոլի դրամատիկական թատրոնը։ Ռուսական կողմի պնդմամբ՝ դա ուկրաինական «Ազով» գումարտակի ձեռքի գործն է։
  • Ազատ է արձակվել Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը, որն առևանգվել էր մարտի 11-ին։ Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի՝ նրան փոխանակել են ռուսաստանցի 9 ժամկետային զինծառայողների հետ։

11։30

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, պատասխանելով հարցին, թե որքան շուտ Ուկրաինան կստանա ռազմական օգնության ցուցակը, որը ներկայացրել է Ջո Բայդենը, նշել է․ «Մենք վերջին երկու շաբաթվա ընթացքում արագացրել ենք մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական և անվտանգային օգնությունը: Մենք առաջվա նման ռազմական օգնություն տրամադրելու խողովակներ ունենք։ Այսպիսով, կշարունակենք աշխատել այն արագ առաքելու ուղղությամբ: Անգամ վերջին օրերին են ռազմական առաքումներ եղել»։

11։25

Անցած գիշեր բարձր ճշգրտության հրթիռները ավիահարված են հասցրել Ռիվնեի շրջանի Սարնի գյուղի զինանոցին` չնչացնելով հրթիռների և զինամթերքի պահեստ։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |ria.ru|

10:35

Կանադան փակել է օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարարությունը:

10:27

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերը հրապարակած տեսաուղերձում հայտնել է, որ շարունակելու է պայքարել Ուկրաինային ավելի մեծ աջակցության և ՌԴ-ի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար։ «Ես ելույթ կունենամ Գերմանիայի խորհրդարանում հինգշաբթի առավոտյան։ Ես խոսել եմ նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Մենք պայմանավորվել ենք աջակցել մեր քաղաքացիներին՝ ժամանակավոր տեղահանվածներին»։ Նա նաև ասել է, որ չորեքշաբթի օրը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ։ |ukrinform.net|

09:46

Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ նախորդ օրվա ընթացքում «ոչնչացվել է հակառակորդի օդային 10 թիրախ՝ երկու Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ, երեք Սու-34ՍՄ կործանիչ, երեք ուղղաթիռ և օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք»: 

09:38

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ալբանիան, Իռլանդիան և Նորվեգիան Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու հայտ են ներկայացրել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցչույան թվիթերյան էջում։

Թեմայի այլ նորություններ