Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    80%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    74%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը:

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ իմ որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարված Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը:

«Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված, 10-ը՝ փրկված: 10 քաղաքացիները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո առաջիկա 2 ժամվա ընթացքում: Ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա:

Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը: Մեկ հոգի համարվում է դեռ չնույնականացված: Ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած: Ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է:

Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն, ազգանունը մենք ունենք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը»,- ասաց նախարարը:

Նրա նշեց, որ ներկա պահին մաքրվել է տարածքի 90 և ավելի տոկոսը:

«Ունենք բարդություններ՝ կապված փլուզումից հետո կախված կոնստրուկցիաների և այլ սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար»,- ասաց նա:

Փամբուխչյանը նշեց, որ ներկա պահին տարածքում իրականացվում են հովացման աշխատանքներ:

Նախարարը նաև վստահեցրեց, որ նշված դեպքի հետ կապված ներգրավված մարդկային ռեսուրսի կամ տեխնիկայի որևէ խնդիր չի եղել:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի քրեական գործում տարբեր վարկածներ են քննարկվում պայթյունի պատճառի վերաբերյալ, սակայն այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ: Այդ մասին Կառավարության նիստին ասաց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այնտեղ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է: «Տեսնում ենք՝ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, և, ըստ էության, նաև վիզուալ տեղեկությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,- նշեց վարչապետը:

Արգիշտի Քյարամյանը հավելեց, որ այս պահի դրությամբ քրգործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործության վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպքից հետո առաջին հարցը, որ իր մեջ ծագում է, հետևյալն է, թե ինչ չի արել Կառավարությունը կամ ինչն այնպես չի արել, որպեսզի հնարավոր լինի բացառել կամ կանխել նման զարգացումը: «Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, որ հավաքեն տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ, և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր, և, իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը՝ հաշվետվություն եմ փորձել ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է, բայց նաև պետք է հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ զեկուցի ամբողջական, թե 2020 թվականի օգոստոսի իմ տված հանձնարարականն ինչպես է կատարվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Օգոստոսի 18-ին, ժամը 08։20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Դեպքի վայրում աշխատում են 37 փրկարարական ծառայող (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 14, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15 փրկարարական ծառայող, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը), ինչպես նաև 17 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից, 2 կամավոր և 1 շուն՝ «Զապադ» կամավորական խմբից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 2 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 1 բեռնատար ինքնաթափ և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1061 փրկարարական ծառայող։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․

2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը մոտ 53 քաղաքացու տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

Թեմայի այլ նորություններ