Արցախի և Հայաստանի միջև ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել բանակցությունների և սակարկման առարկա. Արցախի ժողովրդի կոչը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Արցախի և Հայաստանի միջև ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել բանակցությունների և սակարկման առարկա. Արցախի ժողովրդի կոչը

Արցախի և Հայաստանի միջև ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել բանակցությունների և սակարկման առարկա. Արցախի ժողովրդի կոչը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ի համաժողովրդական հանրահավաքը, որին մասնակցում էին հազարավոր արցախցիներ՝ տարբեր շրջաններից ու բնակավայրերից, մեկնարկեց Տերունական աղոթքով ու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքով։

Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համախմբվելու նպատակն է ցույց տալ միասնականությունն ու վճռականությունը: «Կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք: Սրանով հանդերձ, մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը: Այս նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ որոնելու: Այս ամենը ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է տա գործնական ու շոշափելի քայլերի: Հոգևոր իրականության ու մարդկային փորձառության մեջ կան երկու զուգահեռ և փոխկապակցված բանաձև դարձած ճշմարտություններ, որ բավականին արդիական է նաև մեզ համար. առաջինն ասում է՝ փրկիր ինքդ քեզ և քո շուրջը կփրկվեն շատերը, իսկ երկրորդը՝ հաղթիր ինքդ քեզ և քո առաջ կխոնարհվեն բոլորը: Վստահաբար բոլորս էլ մտածում ենք, որ եթե Արցախյան վերջին պատերազմում հաղթած լինեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև: Բայց, ուզում եմ, որ կարողանանք իրողություններն ավելի խորությամբ քննել և հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են՝ մեր մեջ: Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը և 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ, որը փչացնում է մեր նկարագիրը, մոռացնում՝ Աստված ու եկեղեցի՝ ներկան համարելով որպես վերջնական և մնայուն մի վիճակ, բոլորը սկսում են աշխարհիկ գանձերը գերադասել երկնայինից: Ահա այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը»,- ընդգծեց Սրբազանը՝ հավելելով, որ աշխարհից մեկուսացած լինելու այս օրը առիթ է ինքնամաքրման ու միասնականության վերականգնման համար:

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հորդորեց իրար ավելի շատ սիրել, ներել ու գնահատել, որովհետև բոլորով են նույն նավի մեջ և բոլորի մտածումներն ու հոգսերը նույնն են: «Արցախի ապագան այսօր դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը և, որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք: Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա մեր հոգու և ազգի խղճի զարթուցիչը»,-համոզմունք հայտնեց Թեմակալ առաջնորդը:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից նա կոչ-հորդորով դիմեց նաև մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին. «Արցախն ամեն մի հայի սեփականությունն է, բայց առաջին հերթին կարիքն ունի իր ծոցից ծնված զավակների: Արցախն այսօր իր համար աղոթելուց, արցախցի լինելու համար հպարտանալուց առավել ունի իր բնիկ զավակների ֆիզիկական ներկայության կարիքը: Ուստի, սիրելի՛ արցախցիներ, նայեք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե Աստծո մոտ ինչ պիտի այս կյանքից շահեք, եթե կորցնեք ձեզ վստահված գանձը՝ ձեր ինքնության հենարանը: Խնդրում եմ և հորդորում՝ վերադարձեք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված այս սրբազան մասունքին»,-ասաց Արցախի հոգևոր առաջնորդը:

Նա իր խոնարհումն ու աղոթքն է առաքել առ Աստված՝ հերոս նահատակների հիշատակի համար, և երախտիքն ու օրհնությունը բոլոր այն արցախցիներին, որ դժվարություններից հետո էլ կառչած են մնում իրենց արմատներին ու հայրենի հողին: Սրբազանը նաև բարձր գնահատեց Արցախի պետականության գոյաբանական պայքարի այս ընթացքում Արցախի Հանրապետության պետական այրերի նվիրյալ ծառայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առաքելությունը: Փոխանցել է Ն.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրական օրհնությունն ու եկեղեցու աջակցույունն արցախցու արդար պայքարին:

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել: Այս մասին դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ փետրվարի 23-ին լրանում է Արցախյան գոյապայքարի 35-րդ տարին:

«Մենք պայքարի մեջ ենք: Ես հպարտ եմ և շնորհակալ, որ այսքան մարդկանց հետ այստեղ եմ գտնվում։ Իմ ընկերներին ասում եմ, որ ես երջանիկ եմ, որ հայրենիքում, իմ ժողովրդի հետ միասին պաշտպանում ենք մեր արժանապատվությունը, մեր ապագան։ Ես 20 տարի է՝ գալիս եմ Արցախ և վերջին 52 օրը պետնախարար եմ, իսկ վերջին 14 օրվա ընթացքում կատարում եմ օպերատիվ շտաբի ղեկավարի պաշտոնը:

Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ, դժվարություններով հանդերձ, ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Եթե մենք գտնում ենք իմաստ պայքարելու, եթե կարող ենք հավատալ մեր առաջնորդներին, մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի։ Առավոտյան գնացի շուկա, տարիքով մի կնոջ հարցրեցի՝ ինչպես է, պատասխանեց, որ ապրանք չկա, բանջարեղեն չկա, շատ ծանր է: Հարցնում եմ՝ իսկ ինչպես եք դիմանում, ասում է՝ միայն թե հավատանք, որ մեզ չեք խաբելու, որ մենք միասնական ենք»,- նկատեց Ռուբեն Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ միասնական են:

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին հավաքված ժողովուրդն իր կոչ-ուղերձն է ուղղել աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի։

Կոչ-ուղերձում նշված է.

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի.

Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 000 մարդ, այդ թվում` շուրջ 30 000 երեխաներ, հայտնվել են ծանր կացության մեջ` իսպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից: Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայատարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցությունների և սակարկման առարկա: Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ վերականգնվի, և պայմաններ ստեղծվեն դրա հետագա անխափան գործունեությունն ապահովելու համար;

Հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և խտրական քաղաքականությունը, որը նոր թափ է ստացել 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմից ու դրա թողած աղետաբեր հետևանքներից հետո, նպատակ ունի հայաթափել հայկական Արցախը` շարունակելով 1915թ. Թուրքիային կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության բեմագիրը։

Իր պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու համաժողովրդական կամքն է 1988 թվականին հենց այս հրապարակից ուղղորդել մեր ժողովրդին ազատագրական պայքարի, որի արդյունքում մենք ունենք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան հռչակված ինքնիշխան պետություն և նրա կենսունակությունն ապացուցող քաղաքական, տնտեսական ու սոցիալական տեսանելի ձեռքբերումներ:

Այսօր, երբ վտանգված է համայն հայության երազանք Արցախի լինելիությունը, մենք, խոնարհվելով մեր ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակի առջև, վերանորոգում ենք մեր ուխտը` մեր սուրբ նահատակների գործը շարունակելու և մեր արժանապատվությունը վերականգնելու համար:

Շարունակվող պայքարի ընթացքում մենք, ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ ունենք մայր Հայրենիքի և համայն հայության համակողմանի աջակցության կարիքը: Անցած տարիներին Արցախը եղել է հայկական ինքնության և արժանապատվության խորհրդանիշ: Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև, Արցախը պետք է դառնա այն առանցքը, որի շուրջ պետք է միավորել համազգային ներուժը: Արցախի ապագան համազգային նշանակության հարց է և պահանջում է համահայկական համախմբում ու համերաշխություն:

Արցախը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանունակությունը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողություններն ու Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ առաքելության հնարավորությունները;

Արցախը` որպես միջազգային հիմնարար իրավունքների գերակայությամբ առաջնորդվող պետություն, շարունակելու է հավատարիմ մնալ համամարդկային արժեքներին և լինել կառուցողական: Ծավալապաշտական նկրտումներն ու տնտեսական շահերը չպիտի թելադրող լինեն ժամանակակից միջազգային հարաբերություններում: Արցախն աշխարհի քարտեզի վրա այն կետն է, որից, ինչպես 1988 թվականին, կարող է սկիզբ առնել 21-րդ դարի` բարոյական աշխարհակարգի ձևավորումը»:

Թեմայի այլ նորություններ