Արցախի ներկայիս վիճակի ու նրա ապագայի հետ կապված ցանկացած քննարկում պահանջված է, քանի որ գլոբալ ու տարածաշրջանային վերջին զարգացումները նոր մարտահրավերներ են առաջադրում հայ ժողովրդին: ԱԺ-ում լսումների ժամանակ այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:
Պատգամավորի կարծիքով` 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված կացությունը լուրջ վերլուծությունների կարիք ունի հայկական երկրորդ Հանրապետության ազգաբնակչության անվտանգության խնդիրները մշտական ուշադրության տակ պահելու, կորցրած պաշտպանական հնարավորությունները վերականգնելու և խաղաղապահ զորակազմի գործողությունները ընդհանուր համակարգի մեջ ճիշտ համադրելու տեսանկյունից: «Թեկուզ նախորդ օրերին որոշակի աշխուժություն է նկատվել խորհրդարանների համագործակցության հարթակում, բայց մեր քննարկումները չեն կարող սահմանափակվել միայն կրթության, մշակույթի և տեխնոլոգիաների թեմաներով»,- ասաց Ստեփանյանը:
Նրա խոսքով` Արցախի սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ամրապնդման և 10 օր տևած հումանիտար ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հարցերն անպայման պետք է ներառվեն քաղաքական հարցերի օրակարգում և դրանց շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, առաջարկված գաղափարները պետք է գործողությունների ծրագիր դառնան պատկան մարմինների համար:
«Արցախի դեմ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմից ու հատկապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ, մեզ համար վնասակար ու ամենօրյա վտանգներով համալրվող անվտանգային միջավայրում: Այնպիսի տպավորություն է, որ մեր հակառակորդները մինչև այսօր ճշգրիտ ժամանակացույցով իրականացնում են նախապես մշակված և մեր խոցելի ու թույլ կետերի հաշվառմամբ լրացված համապարփակ ծրագիրը, իսկ մենք ամեն օր մտածում ու այդպես էլ չենք կարողանում համաձայնեցնել դեռ երեկ իրականացված սադրանքի դեմ հակաքայլ: Սահմանամերձ գյուղերի հանդեպ իրականացվող հոգեբանական ճնշումները և բոլոր հնարավոր միջոցներով այդ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներին խանգարելը միջոցներ են, որոնք հաստատ մեկանգամյա չեն: Դրանք կիրառվում են որոշակի «արդյունք» ստանալու ակնկալիքով, իսկ Արցախ մտնող միակ գազատարի պայթեցումը տարվա այս շրջանում և այնպիսի պայմաններում, երբ բնակչության մեծամասնությունը բնական գազն է օգտագործում, ինչպես ջեռուցման, այնպես էլ տաք ջուր ստանալու համար, բնականաբար, հաշվարկված քայլ է եղել»,- եզրափակեց Ստեփանյանը: