Բաքուն սկսեց Ղարաբաղում զինվորականների ձերբակալությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    13 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    53%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Բաքուն սկսեց Ղարաբաղում զինվորականների ձերբակալությունները

Բաքուն սկսեց Ղարաբաղում զինվորականների ձերբակալությունները

Արցախի դեմ սեպտեմբերի 19 -ի ռազմական գործողություններից ուղիղ տասն օր անց Բաքուն սկսեց Ղարաբաղում զինվորականների ձերբակալությունները։ Այս պահին պաշտոնապես հաստատվել է, որ Լաչինի միջանցքում ձերբակալվել է 2015-2018 թվականներին Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Գեներալ-լեյտենանտին տեղափոխել են Բաքու։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները այսօր 4 ամսով կալանավորել են նաև Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին՝ նրան մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։ Դավիթ Մանուկյանը դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրն է:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորն «Ազատության» հետ զրույցում հաստատեց լուրը, նշելով, որ եղբայրը 2021-ից դադարեցրել է զինվորական ծառայությունը՝ անցնելով թոշակի։ Թե որտեղից և ինչ հանգամանքներում են ձերբակալալել Դավիթ Մանուկյանին, պարզ չէ։ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքացի Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է 2 օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանաան կողմը այսօր նաև տեսանյութ է հրապարակել՝ դրվագներ հիշեցնելով նրա զինվորական ծառայությունից։

Մինչև բարձաստիճան զինվորականների ձերբակալությունները Արցախի իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցել էին, որ նախագահ Սամվել Շահրամանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։

Արցախցի պաշտոնյան, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատությանը» փոխանցեց, որ ձերբակալման վտանգի տակ են նաև Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել տարբեր հոդվածներով։

Դավիթ Բաբայանը դեռ երեկ առավոտյան էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։

«Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի» ,- գրել էր Դավիթ Բաբայանը։ Առ այս պահը նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ենթադրում է, որ Բաբայանը ձերբակալված է։

«Դավիթ Բաբայանին զանգահարեցի երեկ երեկոյան, հասանելի չէր, այսինքն՝ ենթադրում եմ, որ հավանաբար այո, ձերբակալված է։ <>

Պետք է փրկենք, այսինքն՝ ես կարող եմ զուտ ենթադրել, մի քանի վարկած կա՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են նրանց երկարաժամկետ բանտարկել, որպեսզի վախեցնեն քաղաքական պայքար մղողներին Արցախի ժողովրդի իրավունքների համար, երկրորդ տարբերակն այն է, որ միջազգային ճնշման ներքո կարող են որոշ ժամանակից հետո «համաներման» քողի ներքո ազատել իրենց, բայց որոշակի խոշտանգումներից և հոգեբանական, ֆիզիկական բռնաճնշումներից հետո։ Ես չեմ բացառում, որ նրանք կարող են սպանվել բանտերում», - ասաց նա։

Ավելի վաղ Լաչինի մինջանցքում ադրբեջանցիները ձերբակալեցին Ռուբեն Վարդանյանին, Բաքուն նրա ձերբակալությունից կադրեր էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարարին մեղադրում են տարբեր հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչության ֆինանսավորման» համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 19 -ի ռազմական հարձակումից հետո հայտարարել էր, թե զենքերը վայր դնելու դեպքում կդիտարկի զինվորականների նկատմամբ համաներում կիրառելու հնարավորությունը։

Այսօր հաղորդվեց Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Եվլախում կայացած ևս մեկ հանդիպման մասին։ Հստակ չէ՝ ինչ հարցեր են քննարկվել։

Ինչո՞ւ չի հաջողում պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ ռազմաքաղաքական ղեկավարությանն անվտանգ դուրս բերելու հարցում։ Արտակ Բեգլարյանն ասում է, որ Արցախի իշխանությունների ձեռքին գրեթե լծակ չի մնացել, և եթե եթե չլինի միջազգային բավարար ճնշում, դժվար է ասել՝ ինչպես կարելի է նրանց հետ պայմանավորվել։

Նախկին պետնախարարի համոզմամբ՝ այս պահին ձերբակալման վտանգի տակ են Արցախի բոլոր հայտնի գործիչները, այդ թվում՝ ինքը։

«Ես իմ վայրը չեմ բացահայտում, պատշաճ ժամանակ երբ լինի, այդ ժամանակ ես կբացահայտեմ և նաև կբացատրեմ՝ ինչու այսքան ժամանակ ես լռել եմ իմ վայրի մասին», - ասաց նա։

Հարցին, թե տեղեկությունների ունի՞ նախկին նախագահների վիճակի մասին, Բեգլարյանն ասաց. -«Որքան տեղյակ եմ, նախկին նախագահներից ոչ ոք ձերբակալված չէ դեռ»։

Դիտարկմանը, որ եթե ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Ստեփանակերտ, հետևաբար ամեն պահի կարող են նախկին նախագահներին ձերբակալել, Բեգլարյանը պատասխանեց, թե այդ վտանգը կա, բայց նախ պետք է նախագահներին գտնեն։

«Միգուցե, նրանք տարբեր տեղերում թաքնված են, իրենց տներում նստած չեն սպասում, միգուցե Ստեփանակերտում չեն թաքնված, Ստեփանակերտում 10 հազարից ավելի բնակարան կա, էդքան հեշտ չէ մարդ գտնել», - նշեց նա։

Թե ինչ իրավիճակ է Ստեփանակերտում, քանի մարդ է մնացել, ով է զբաղվում նրանց կարիքներով, հստակ չէ։ «Արցախի Հանրապետության լուծարման մասին» հայտարարությունից մոտ մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին Ստեփանակերտից՝ տեղեկացնելով, որ փողոցներում այլևս ադրբեջանական ոստիկանությունն է հերթապահություն իրականացնում։

Տարածված կադրերում երևում են քաղաքի դատարկված փողոցներն ու Արցախի խորհրդանիշ տատիկ-պապիկի արձանը։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ոչ միայն ադրբեջանական ոստիկանությունը, այլև ազգային անվտանգության ծառայությունն է մտել Արցախի տաբեր շրջաններ, և «իշխանության ընդունում-հանձնումը» սկսված է։

«Մի քանի օրից Արցախում, կարելի է ասել, ամբողջապես լինելու է ադրբեջանական օկուպացիոն իշխանություն», - ասաց նա։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր ողջ օրվա ընթացքում կադրեր էին հրապարակում Արցախի տարբեր հաստատություններ անարգել մուտք գործելու, զենք-զինամթերք առգրավելու վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ