Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (30.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    45%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    57%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    82%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    45%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    77%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (30.12.2020)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (30.12.2020)

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի մի շարք արդիական հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են անցնող տարում ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը, հաստատել 2021 թվականին այդ դինամիկան պահպանելու փոխադարձ տրամադրվածությունը: [ՌԴ ԱԳՆ]

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ՝ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: [ՀՀ Կառավարություն]

Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն. եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրում ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով: [ՀՀ Կառավարություն]

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար: Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան: [ՀՀ ԱԱԾ]

Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստ, 200 հազար նմուշառման ձողիկ, ինչպես նաև պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, որը ծառայելու է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: [ԱՆ]

Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ: ՊԲ-ն վերահաստատում է, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել:

Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զինծառայողի աճյուն: Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնումներ իրականացնել Հադրութի ուղղությամբ: Հաջորդ օրը հաջողվել է բանակցել ու շարունակել աշխատանքը: [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան] 

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ԱԱԾ և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող: Ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ: [ԱԱԾ]

«Արմնյուզ» լրատվական կայքում տեղադրվել է տեսանյութ` «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանի կողմից տրված հարցազրույցից, որում վերջինս, բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը: Հարուցվել է քրգործ, որով Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։ [ՔԿ]

Ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու և բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելը համար։ [ՔԿ]

ՌԴ առողջապահության նախարարը որպես նվիրատվություն Հայաստանին տվել էր COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Չնայած պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները, այնուամենայնիվ այդ պահին դեռ գրանցված չէր, ուստի բնակչության շրջանում վստահության բարձրացման նպատակով՝ առաջինը պատվաստվեց ԱՆ ղեկավար անձնակազմը՝ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել, բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Համահայկական հիմնադրամը ստանձնել է Շուշիից տեղահանված 50 ընտանիքի բնակարանի վարձի ծախսերը։ Հիմնադրամը հյուրընկալել էր Շուշիից տեղահանված արցախցիներին՝ նրանց առաջնահերթ կարիքները հասկանալու և ստեղծված ծանր սոցիալական վիճակը մեղմելու նպատակով:

Պատերազմի ընթացքում վիրավորված հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է նախարարության կողմից՝ ամբողջությամբ կամ մասնակի թիկունքային հոսպիտալ ծավալած շուրջ 40 հիվանդանոցներում: Վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության շնորհիվ հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով սանիտարական կորուստները (վիրավորների մահացության) 1.65%-ի: Տվյալ ցուցանիշը աննախադեպ է վերջին 30 տարվա պատերազմների ժամանակ տեղի ունեցած սանիտարական կորուստների հետ: [ԱՆ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյան]

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել` Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այժմ օրակարգում են կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: 

Մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները տնտեսվարողները կարող են կատարել բանկային քարտի միջոցով․ գործարկվել է փորձնական ծրագիր։ Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով անմիջապես մուտք են գործում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» և կատարում անհրաժեշտ վճարումները: Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված  հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված: [ՊԵԿ]

Դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 158878 դեպք, որոնցից 141844-ն` առողջացած, 2807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 591048 թեստավորում: Երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք: Ունենք 902 առողջացած և 10 մահվան դեպք:

2021 թվականի հունվարին բոլոր մարզերում մարզային փրկարարական վարչությունները կիրականացնեն ազդարարման ուսումնավարժական պարապմունքներ. մի շարք բնակավայրերում դեկտեմբերին այդ գործընթացը սկսված է: Առաջին եռամսյակում ՀՀ սահմանամերձ մարզերից մեկում կիրականացվի բնակչության կենտրոնացված ազդարարման պիլոտային ծրագիր: Համակարգի առանցքային խնդիրներից է նաև սողանքային ռիսկի կառավարումը: Մեր հանրապետությունում սողանքներն իրենց տարածվածությամբ, զարգացման ակտիվությամբ և ինտենսիվությամբ սպառնում են մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին և արգելք են հանդիսանում պետության կայուն զարգացման, հետևաբար և անվտանգության ապահովման համար:

Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը։ 2020թ․ դեկտեմբերի 8-ին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքնենայից դուրս եկած և տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան և շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով իր որդին համածառայակիցների հետ զոհվել են:

2020 թվականին Կոտայքի մարզում հիմնանորոգվել է 56,34 կմ ճանապարհահատված, որից պետական բյուջեով՝ 30,1 կմ ճանապարհ: Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզում հիմնանորոգման, նորոգման, վերանորոգման 26 ծրագրեր են ավարտվել 21 համայնքներում։

2020-ը աղետալի տարի էր, բայց սա նաև լավ հնարավորություն է՝ նորից սկսելու համար, վերաիմաստավորելու տնտեսության ճյուղերը, վերաիմաստավորելու մեր ապրելակերպը, ուշադրություն դարձնելու կրթությանը, գիտությանը և այլն: Կարևոր հարցերից մեկը արժեքային շղթաների երկարեցումն է՝ համագործակցությունը խորացնելու շնորհիվ: Հայաստանում կան լավ ոսկերիչներ և լավ ադամանդագործներ, բայց վերջիններս իրենց ադամանդները վաճառում են դրսում, ոսկերիչներն էլ ադամանդներն են գնում դրսից: Թվում է՝ համագործակցությունը ներսում պետք է ավելի սերտ լիներ, բայց այդ այն չկա։ Որպես նախարարություն՝ մեր գործը պետք է լինի համախմբել այն մարդկանց, որոնք կարող են միասին համագործակցել և արդյունքում ստանալ ավելի թանկ ապրանքներ: [էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան]

Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի։ [Աննա Գրիգորյան]

Թեմայի այլ նորություններ