ԵՄ գագաթնաժողովը հաստատեց նոր ղեկավարներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    40%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    30 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    73%
    9 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    82%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    40%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ԵՄ գագաթնաժողովը հաստատեց նոր ղեկավարներին

ԵՄ գագաթնաժողովը հաստատեց նոր ղեկավարներին

Վերջնական հաստատումը տեղի է ունենալու նորընտիր Եվրախորհրդարանի առաջին նստաշրջանում հուլիսի 16-19-ը։

Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովը հաստատեց նոր ղեկավարներին՝ առաջիկա հինգ տարիների համար.

Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան՝ Եվրոպական խորհրդի նախագահ, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար, Ուրսուլա ֆեն դեր Լայենը՝ երկրորդ ժամկետով Եվրահանձնաժողովի ղեկավար։

Թեկնածուներին պաշտոններում հաստատելու համար անհրաժեշտ էր գերակշիռ մեծամասնության՝ ԵՄ 27 անդամերից 20-ի կողմ քվեարկությունը։

«Առաքելությունն իրականացված է», - այսօր առավոտյան լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացող Շառլ Միշելը։

Կայա Կալասը նշել է, որ աշխարհաքաղաքական լարվածության պահին իր նշանակումը մեծ պատասխանատվություն է։ «Պատերազմ Եվրոպայում, հարևանությամբ և ամբողջ աշխարհում աճող անկայունություն՝ ահա հիմնական մարտահրավերները եվրոպական արտաքին քաղաքականության համար», - սոցցանցում գրել է նա։

Եվրամիության նոր ղեկավար կազմի վերջնական հաստատումը տեղի է ունենալու նորընտիր Եվրախորհրդարանի առաջին նստաշրջանում, որը Ստրասբուրգում գումարվելու է հուլիսի 16-19-ը։

Մարկ Ռյուտեն՝ Նիդերլանդների հեռացող վարչապետը կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը։ Ռազմական դաշինքի նոր ղեկավարը պաշտոնը ստանձնում է հյուսիսատլանտյան անվտանգության համար կրիտիկական ժամանակահատվածում:

Ռյուտեի թեկնածությանը կողմ են քվեարկել դաշինքի անդամ 32 երկրների ներկայացուցիչները՝ կազմակերպության կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և դաշնակից մյուս երկրների առաջնորդները նրան պաշտոնապես կողջունեն հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում:

«Մեծ պատիվ է նշանակվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Դաշինքը կա և կլինի մեր հավաքական անվտանգության հիմնաքարը», - հայտարարել է Ռյուտեն, հավելելով՝ ՆԱՏՕ-ն ղեկավարելը պատասխանատվություն է, որին լուրջ է վերաբերվում։

Նիդերլանդացի քաղաքական գործիչը 14 տարի պաշտոնավարող Յենս Ստոլտենբերգին կփոխարինի հոկտեմբերի 1-ին, դաշինքի պատմության վճռորոշ պահին՝ մի կողմից Ուկրաինայում Պուտինի ավերիչ պատերազմն է, որը սպառնում է տարածվել եվրոպական աշխարհամասով մեկ, մյուս կողմից՝ Դաշինքի առանցքային անդամ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները. Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում հանրապետական թեկնածուն սպառնում է վերագնահատել Ամերիկայի որոշիչ դերը ՆԱՏՕ-ում, ընդհուպ անպաշտպան թողնել դաշնակիցներին Ռուսաստանի հնարավոր հարձակման պարագայում, ինչպես նաև կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները։

Ինքը Ռյուտեն ռուս - ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման կողմնակից է։ Անցած օրերին ելույթ ունենալով Ուկրաինայի խաղաղության հարցով Շվեյցարիայում կազմակերպված գագաթնաժողովին՝ նա ափսոսանք էր հայտնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չէ այդ հավաքին։ «Այս սեղանի շուրջ նստածներից շատերն են նշել, որ Ռուսաստանը պետք է այսօր այստեղ լիներ, և ես միանգամայն համաձայն եմ դրան: Մեզ պետք է, որպեսզի Ռուսաստանն այսօր մասնակցեր, բայց այսօր մենք վստահաբար ասում ենք, որ խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հարգի հիմնական կանոններն ու արժեքները, որոնք վերաբերում են բոլորիս», - ընդգծում էր ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը:

Չնայած ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնության աջակցությանը՝ աշխարհի ամենամեծ անվտանգության կազմակերպության կենտրոնակայան տանող ճանապարհը Ռյուտեի համար բավականին քարքարոտ էր: Արևելաեվրոպական թևն ընդդիմանում էր նրա թեկնածությանը այդ թվում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծին աջակցելու, Նիդերլանդների պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի չափանիշներին չհամապատասխանելու համար:

Ռյուտեի 14-ամյա վարչապետության օրոք Նիդերլանդները չկարողացավ կատարել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր պայմաններից մեկը՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ 2 տոկոսին հասցնել․ երկիրը խոստանում է բացը լրացնել այս տարի։

Արևելյան Եվրոպայի պետությունների առաջնորդները նաև պահանջում էին դաշինքի պատմության մեջ առաջին անգամ իրենց վստահել կառույցի ղեկավարությունը:

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը փորձել է պայքարել, սակայն անցած շաբաթ անակնկալ հայտարարեց թեկնածությունը հանելու որոշման մասին:

Իսկ Վիկտոր Օրբանի աջակցությունը ստանալու համար Ռյուտեն ստիպված էր Բուդապեշտին խոստանալ, որ Հունգարիան չի մասնակցի ՆԱՏՕ-ի որևէ առաքելության Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում, եթե այնտեղ ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկվեն։

57-ամյա քաղաքական գործիչը համարվում է Ուկրաինային ռազմական օգնության ծավալների մեծացման ջատագովներից մեկը, նրա ղեկավարման ընթացքում Նիդերլանդները դարձել է Կիևի առաջատար դաշնակիցներից մեկը արևմտյան երկրների շրջանում։

Թեմայի այլ նորություններ