Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (28.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    2 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    63%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    70%
    3 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    74%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    42%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    70%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    2 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.36646
  • Դոլար = 388.49

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (28.12.2020)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (28.12.2020)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը վերաբերում է պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո քաղաքացիների՝ հայրենիքին տրամադրած տարաբնույթ օգնությունը մաքսավճարներից և հարկային վճարներից ազատելուն: Ընդունված մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է հաջորդ տարվանից Երևանի 10 վարչական շրջաններում հանել կարմիր գծերը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը: 

Դատախազությունը բողոքարկել է Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերաքննիչ դատարանից հայտնում են, որ բողոքը դեռևս չի մակագրվել, քանի որ գործն առաջին ատյանի դատարանից չեն ստացել։

Մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։ [Ոստիկանություն]

ՌԴ-ի և ԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է: [Տիգրան Ավինյան]

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արա Նազարյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ՝ ազատելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

ԱԻՊԾ երեք խումբ մեկնում էր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքների: Առավոտյան կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ է հաստատվել և պարզ է դարձել, որ Շեխեր գյուղի մոտակայքից նրանց չի թույլատրվել առաջանալ: Հիմա նրանք հետ են վերադառնում։ [ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

ԱԺ շենքի մոտ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն առավոտյան փակել են Դեմիրճյան և Բաղրամյան փողոցները։

Մի քանիսը սկսեցին հայհոյել, ես ասացի, որ չեմ փախչում, գոնե ճանապարհը բացեն ես իջնեմ: Ես պատուհանները բարձրացնում եմ, ենթադրելով, որ ոստիկանությունը վերևից կգա, որպեսզի միջադեպ չլինի: Երբ փակում եմ պատուհանս, մեկ-երկու շատ ուժեղ հարված է լինում մեքենային, ու տեսանյութում էլ երևում է, որ պատուհանն իջեցնում եմ ու հարցնում` ով հարվածեց, արա՛: Այնտեղից էլի կոպիտ պատասխան է լինում, ես մեքենայից դուրս եմ գալիս ու մնացածն արդեն քաղաքացիները տեսել են։ [Սիսակ Գաբրիելյան] 

Ինչ վերաբերում է այսօր ԱԺ մուտքերից մեկի հարևանությամբ պատգամավորների հետ կապված միջադեպերին, ապա դրանք անընդունելի երևույթներ են․ որևէ մեկի արժանապատվություն վիրավորել կամ առավել ևս բռնություն գործադրել չի կարելի, սա պետք է նկատի ունենան բոլոր կողմերն՝ առանց բացառության: ՄԻՊ-ի իրավասությունը չէ կոնկրետ իրավական գնահատականների արժանացնելն այն անձանց արարքները, ում միջև կոնկրետ իրավիճակում տեղի է ունեցել փոխադարձ բռնություն կամ ծեծկռտուք, ինչպես նաև որոշել այդ կոնկրետ արարքների մասով նրանցից ով է մեղավոր և ով է անմեղ: [ՀՀ ՄԻՊ]

Հունվարի 1-ից կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Մանկավարժները փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 և ավելի հաստիքով աշխատելու դեպքում: [ԿԳՄՍՆ]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Աշոտ Բախշիյանին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ դերը:

Հաստատվել է քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցաջակցության կարգը: Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am հարթակի կամ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով մինչև ապրիլի 1-ը։ [ՀՀ կառավարութուն]

Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել: Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները։ [Անդրանիկ Քոչարյան]

Դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը: Այսուհետ նման ձևաչափը համարել ընդունելի՞: Եթե այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել: [ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյան]

Դեկտեմբերի 28-ին ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Զարիֆն իրանական կողմի ցավակցությունն է հայտնել Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին:

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել, և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ ՊԲ-ն շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ [ՊԲ]

ԱԺ շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջև: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին: Ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի ճանապարհը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից 8 հոգի բերման է ենթարկվել: [ՀՀ ոստիկանություն] 

Մանդատը վայր դրած պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի մանդատները տրվում են Կարեն Գրիգորյանին, Վանիկ Օհանյանին և Հակոբ Ասլանյանին: Վերջիններս ԱԺ ամբիոնից երդվեցին:

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի մուտքերի մոտ: Քաղաքացիների մի հատվածը հավաքված է Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածում: Մի հատված էլ ԱԺ-ի՝ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ է: Հավաքվածներից մեկն ասաց՝ պահանջում են, որ խորհրդարանը Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի: 

Դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 157948 դեպք, որոնցից 139675-ն` առողջացած, 2775-ը` մահվան ելքով: Աս պահին փաստացի բուժում է ստանում 14824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 585057 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք: Ունենք 562 առողջացած և 7 մահվան դեպք: [ՀՀ ԱՆ]

Արցախի ՊԲ որևէ ստորաբաժանում Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել՝ չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։ Հիշեցնենք՝ Տող գյուղը ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո է։ [ՊՆ-ն՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև մարտերի վերսկսման տեղեկությունների վերաբերյալ]


Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ