Օրվա ամփոփում․ հուլիսի 31-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ հուլիսի 31-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ հուլիսի 31-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

  • Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց։ Մեկնարկել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ․ ԶՈւ առաջին շարակարգի միավորումները և այլ ուժեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ: Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հուլիսին սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները: Հայկական արտադրության ականանետը հաջող է անցնում փորձարկումները։
  • Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում: Արցախի Հանրապետությունում առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի: Մինչ այսօր իրականացվել է 5 691 փորձանմուշի հետազոտություն:
  • Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը այսօր հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։ ՀՀ ԱԱԾ-ն, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, ներկայացրել է գործի վերաբերյալ մանրամասներ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Կառավարության ղեկավարն ընդգծել է ոլորտում առկա լուրջ խնդիրների փաստը՝ սկսած Հայաստանում անկառավարելի աղբի ծավալներից՝ շարունակած Սևանա Լճի խնդրով: Խոսելով վերջին տարիներին ոլորտում արձանագրված արդյունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանի ղեկավարության ընթացքում, օրինակ, Հայաստանում որսագողության ծավալներն էականորեն կրճատվել են: Նաև կառավարության ղեկավարը կարևորել է անտառների պահպանության առումով լուրջ և շոշափելի հաջողությունների փաստը:
  • Դեռևս 2018թ. աշնանը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դատական հայց էր ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, Տիգրան Ավինյանը պահանջել էր նաև փոխհատուցում: Ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, Տիգրան Ավինյանը ուղղել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:
  • Տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Արցախի նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ:
  • Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև: Արարողությունը տեղի  է ունեցել առցանց: Հայկական կողմից այն ստորագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պղեկավար Լիլիթ Մակունցը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը: Արարողությանը մասնակցել  են նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաև  Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը:
  • Հայաստան-Սփյուռք կամուրջն ամրապնդելու համար պետք է ապահովել կամրջի երկու կողմերում գտնվող ապագա սերունդների կապը. նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ։ Առցանց հանդիպումների այս շարքը նպատակ ունի նպաստել կրթական հաստատությունների միջոցով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Կողմերի միջև քննարկվել են արևմտահայերենի զորացմանն ուղղված հարցեր և միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում անգամ ամուր կպահեն Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև կապը: Սա հնարավորություն կստեղծի աշակերտների համար շփվել միմյանց հետ:
  • Հուլիսի 31-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ծառայությունների և տարածքային մարմինների 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին ամփոփիչ ելույթ ունեցավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ 2020 թվականի առաջին կիսամյակում ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները, վերահսկել հանրապետության օպերատիվ իրավիճակը։
  • Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Դեպքի վայր էին մեկնել չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ