ԱԱԾ-ն «գաղտնի» այցելել է դատարան․ թիրախում գործերի մակագրման համակարգն է. Ռադիոլուր
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ԱԱԾ-ն «գաղտնի» այցելել է դատարան․ թիրախում գործերի մակագրման համակարգն է. Ռադիոլուր

ԱԱԾ-ն «գաղտնի» այցելել է դատարան․ թիրախում գործերի մակագրման համակարգն է. Ռադիոլուր

2014 թվից գործերը դատավորներին մակագրում է էլեկտրոնային համակարգը։ Սա պետք է սահմանափակեր մարդու ազդեցությունը, նվազեցներ որոշ դատավորների գերծանրաբեռնվածությունը։ 2017–ին,սակայն, շատերը հասկացան, որ համակարգը խնդիրներ ունի, ու պետք է կատարելագործել։ Այսօր համակարգին այլևս չեն վստահում։

Ինչպես հաղորդում է "Ռադիոլուրը", 2018-ից իշխանությունը խոսում է դատաիրավական համակարգը արմատապես փոխելու մասին։ Այժմ նոր զարգացումներ են սպասվում համակարգում։

Ինչու Վերաքննիչ քրեական դատարանը հետաքրքրեց Ազգային անվտանգության ծառայությանը․ ԱԱԾ աշխատակիցները այցելել են դատարանի շենք, որոշ տեղեկությունների համաձայն՝ խուզարկություններ իրականացրել և անգամ իրենց հետ տարել մի քանի համակարգիչ։ Հերքում չի եղել, բայց պաշտոնական որևէ հիմնավորում դեռ չի ներկայացվել։ Ամբողջ օրվա ընթացքում ԱԱԾ–ի հեռախոսները չէին պատասխանում, Վերաքննիչ քրեական դատարանում «կենդանության» նշաններ ցույց էր տալիս միայն ավտոմատ համակարգը:

Մամուլում, մինչդեռ, տեղեկություն է շրջանառվում, որ դատարանի շենքից ԱԱԾ է տեղափոխվել մի քանի համակարգիչ։ Մամուլը վկայակոչում է ԱԱԾ–ում հարուցված քրեական գործը, որը վերաբերում է դատական գործերի մակագրմանը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ տարվել է այն համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում են դատավորներին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գործի բերումով շատ է լսել դժգոհություններ՝ դատավորներին գործեր մակագրող էլեկտրոնային համակարգի վերաբերյալ․ «Քրեական կամ քաղաքացիական գործերը, երբ գալիս են, համակարգիչն է «ուղղորդում», թե որ դատավորի մոտ պետք է գնան այդ գործերը։ Եվ ես շատ անգամ եմ լսել, նույն դատավորներից եմ լսել, որ փոխում են, կարողանում են համակարգչում անել մի գործողություն, որը փոխում է այդ կարգը։ Այսինքն՝ ոչ թե հերթականությամբ է գնում, այլ՝ կան ցանկալի գործեր՝ որ դատավորի մոտ գնան։ Ինձ այդպես են ասել։ Նաև , եթե հիշում եք, Քոչարյանի գործի ժամանակ Հայկ Ալումյանն էր այդպխիսի հարց բարձրացնում։ ես համարում եմ, որ հնարավոր է այդպիսի բան, որ հնարավոր է համակարգչի հետ այնպես աշխատել և փոխել կանկրետ գործի ուղղությունը»։  

Այժմ մամուլը ենթադրություններ է անում, թե որ գործերն են առիթ դարձել նման կտրուկ քայլերի համար։ Հավանական են համարում, որ առիթը Սյունիքի համայնքապետերի հետ է կապված։

Մինչդեռ ԱԱԾ–ին բաց նամակով արդեն դիմել է Միջազգային անվտանգության եւ համագործակցության հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։ Նա գրում է, որ գործերի մակագրման «ավտոմատ համակարգի» կապակցությամբ հիմնավոր կասկածներ մեկ անգամ կամ մեկ մարդ չէ, որ հայտնել է։ Իր և իր փաստաբանների համար այդ կասկածներն առավել խորացել են դատարաններում ունեցած շուրջ 10 գործերով, որոնցից 3-ով պատասխանող, իսկ 7-ով՝ հայցվոր են։

Մեջբերում բաց նամակից․ «Այդ գործերի ճնշող մեծամասնությամբ դրանք մակագրվել են այնպիսի դատավորների, որոնք «զարմանալիորեն» բացահայտ և անբացահայտ գաղափարական ու ազգակցական սերտ կապերի մեջ են նախկին իշխանությունների հետ»։

Քաղաքագետը պատրաստակամություն է հայտնել հրավերի դեպքում այցելել ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել, աջակցել հետաքննությանը՝ ինչպես կարող է։

ԱԱԾ գործողությունների վայր դարձած Վերաքննիչ քրեական դատարանում ղեկավարությունը նոր է փոխվել։ Տիգրան Սահակյանը դատարանի նախագահ է ուղիղ 2 շաբաթ՝ պաշտոնի նշանակվել է հուլիսի 9–ին։ Իսկ մինչ այդ՝ հուլիսի 7–ին, Վերաքննիչ քրեական դատարանի արդեն նախկին նախագահ Վազգեն Ռշտունին ստիպված էր լրագրողների հարցերին պատասխանել․ «Ոչ նախկիններին ենք սպասարկել, ոչ ներկաներին ենք սպասարկում, ոչ էլ ապագաներին են սպասարկելու»։  

Թեև դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին իշխանությունները խոսում էին 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն դատավորների խոստացված վեթինգը այդպես էլ կյանքի չկոչվեց։ Մի շարք հասարակական կազմակերպություններ արդյունավետ վեթինգի իրականացման վերաբերյալ փաթեթում առաջարկում էին վեթինգը սկսել հենց Սահմանադրական դատարանից, Վճռաբեկ դատարանից և ԲԴԽ-ից։ Մայիսի 10-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իշխանությունը Հայաստանի դատաիրավական ոլորտում հեղափոխական փոփոխություններ է կատարել․ ասել է, թե՝ այդքան էլ դժգոհ չէ համակարգից․

«Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը, կներեք արտահայտությանս համար, նեղել է ընդդիմությանը։ Այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը։ Բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում»։  

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հստակ է նշում է, թե հեղափոխությունից հետո ինչպես պետք է չլիներ, կամ ավելի ճիշտ՝ ԱԱԾ–վերաքննիչ քրեական դատարան հարաբերություններում ինչպես պետք է գործեին պետական մամինները․ «Այս քաղաքականությունը կոչվում է ոչ թափանցիկ աշխատելաոճ։ Եվ ոստիկանությունը անում է գործողություններ, երբ հանրությունը ընդվզում է փորձում են ինչ–որ բան ասել, նույնը՝ ԱԱԾ դեպքում՝ առավել ևս։ Կա տեղեկատվությունը, որ առգրավել են համակարգիչներ, բայց թե երբ, որտեղ, ինչու, ինչպես՝ ոչ մի հարցի պատասխան չկա։ Շատ տարօրինակ է ինձ համար, որ դատարանը ևս չի արձագանքել։ Իրենք առաջինը անօրեն գործողության դեմ ընդվզեին։ Կամ կա ներքին համաձայնություն իրենց միջև, կամ չգիտեմ, ինչպե՞ս կարելի էր առգրավել այդ համակարգիչները՝ որևէ բացատրություն չստանալ»։

«Հետք» էլեկտրոնային կայքի տվյալներով՝ հուլիսի 20-ից «Դատալեքս» տեղեկատվական պորտալում գրեթե չեն թարմացվում տեղեկությունները, թե այդ օրվա դրությամբ ինչ գործեր են մուտքագրվել դատարաններ: Միայն մի քանի քրեական գործ է մուտքագրվել համակարգ, իսկ մուտքագրված քաղաքացիական գործերը համարներ չունեն: Վարչական գործերով ընդհանրապես մուտքագրված տվյալներ չկան:

«Հետք»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում առգրավված Վերաքննիչ քրեական դատարանի մի քանի համակարգիչներն են  պատճառը, որ «Դատալեքս» տեղեկատվական պորտալում տեղեկատվությունը չի թարմացվում:

Ստեղծված իրավիճակը չի պարզաբանում նաև Բարձրագույն դատական խորհուրդը։

Թեմայի այլ նորություններ