Խճուղային հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարի հաղթողները ստացան 1-ական մլն դրամ մրցանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    63%
    3 կմ/ժ
  • Արարատ 11°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    71%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    45%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    71%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Խճուղային հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարի հաղթողները ստացան 1-ական մլն դրամ մրցանակ

Խճուղային հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարի հաղթողները ստացան 1-ական մլն դրամ մրցանակ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարի ամենաարաագ հեծանվորդը Արա Սարգսյանն է։ Նա հաղթեց 18-40 տարեկան տղամարդկանց տարիքային խմբում` մարաթոնյան 42 կմ տարածությունը հաղթահարելով 65։34 րոպեում։ Ինչպես Արա Սարգսյանը, այնպես էլ տարիքային մյուս խմբերի հաղթողները` Սաթենիկ Մնացականյանը (36 տարեկանից բարձր կանայք), Կարեն Բարսեղյանը (41 տարեկանից բարձր տղամարդիկ) և Անի Ավագյանը (18-35 տարեկան կանայք), ստացան 1 մլն դրամի չափով դրամական պարգևներ։

Մրցաշարի անցկացման հեղինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում շեշտեց, որ այս մրցաշարը պետք է տեղի ունենա ամեն տարի պարտադիր կերպով։ Ըստ գաղափարի` «Վարչապետի գավաթ» մրցաշարը ունենալու է 4 մարզաձև` հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող։ Իսկ հեծանվային մրցույթի հետ կապված երկարաժամկետ նպատակը, ըստ վարչապետի, հեծանվավազքը Սևանա լճի շուրջ կազմակերպելն է։

«Այսօր Հայաստանի մասսայական սպորտի պատմության մեջ իսկապես աննախադեպ մրցում է կայացել։ Նախ և առաջ, աննախադեպ էր մրցանակային հիմնադրամը և դրանով էլ պայմանավորված էր այն չափազանց թեժ պայքարը, որ ծավալվեց ամբողջ մրցատարածքում։ Որպեսզի խոսքերիս իսկությանը չկասկածեք` ասեմ, որ հաղթողը տարածքն անցել է 65 րոպե 34 վայրկյանում, և դա պատիվ կբերեր անգամ պրոֆեսիոնալ հեծանվորդներին, եթե նրանք մասնակցեին այս մրցմանը»,- մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` մրցաշարի անցկացման գաղափարի համար շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Գիլոյանը գոհ է և շնորվակալ հատկապես այն փաստի կապակցությամբ, որ մրցավազքի ընթացքում որևէ դժբախտ պատահար կամ միջադեպ տեղի չի ունեցել։ Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 350 հոգի` կանայք և տղամարդիկ, որոնք պայքարում էին ընդհանուր 15 մլն դրամ մրցանակային հիմնադրամի համար։

«ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարը, որի գաղափարի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, անցկացվում էր երկու տարիքային խմբով։ Առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, և երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ մրցանակներ ստացավ 80 մասնակից։ 1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացան 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։

Այսպիսով, «36-ից բարձր կանայք» տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Արփինե Նավասարդյանը, 2-րդը` Ռուզաննա Հովասափյանը և 1-ինը` Սաթենիկ Մնացականյանը։

«41-ից բարձր տղամարդիկ» տարիքային խմբում` 3-րդ տեղ` Մարկ Մարտիրոսյան, 2-րդ տեղ` Արտյոմ Գալստյան, 1-ին տեղ` Կարեն Բարսեղյան։

«18-35 տարեկան կանայք» տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Լիլիթ Հարությունյանը 2-րդը Նարե Ղարիբյանն էր, իսկ հաղթող ճանաչվեց Անի Ավագյանը։

«18-40 տարեկան տղամարդիկ» տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Անանիա Ոսկանյանը, 2-րդ տեղը` Սերգեյ Պողոսյանը, իսկ ամենաարագը այս կատեգորիայում Արա Սարգսյանն էր։

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետը և կառավարության անդամները, մարզպետներ, բարձրաստիճան զինվորականներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Կազմակերպման աշխատանքներին աջակցել են առողջապահության նախարարությունը և ոստիկանությունը։ Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին, Գեղարքունիքի մարզում։ Այդ մասին նախարարը հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում` շեշտելով, որ մրցաշարի գլխավոր նպատակը մասսայական սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպը խրախուսելն է, ինչը կարելի է կատարված համարել։

«Այն, ինչ այսօր արձանագրեցինք, գոհացուցիչ է, շատ դրական եմ գնահատում և հաջողված։ Կարևորը, որ վնասվածքներ չեղան, բոլոր մասնակիցները, որոնք ստարտ էին տվել, նաև ֆինիշին մոտեցան, միջադեպեր չեղան։ Գերագույն խնդիրը, նպատակը, որ դրվել էր հեծանվային այս մրցաշարը կազմակերպելիս, մասսայական սպորտի զարգացումն է, ինչը միտված է, իհարկե, առողջ ապրելակերպի խրախուսմանը և նաև միասնականության գաղափարին։ Կարծում եմ, որ շատ հաջողված է՝ որպես առաջին փորձ։ Ինչպես գիտեք` գաղափարը վարչապետինն է, ինչը այսօր իրականություն դարձավ», - ասաց ԿԳՄՍ նախարարը։

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրեց, որ նախարարությունը ծրագրում է նմանատիպ մրցաշարեր կազմակերպել նաև այլ մարզաձևերում, տարվա տարբեր ժամանակահատվածներում։ «Վերջնական որոշում դեռ ընդունված չէ, բայց կարող եմ նախնական ասել, որ դիտարկվում է, օրինակ, թենիսի, վազքի, լողի մարզաձևերում»։

Թեմայի այլ նորություններ