Հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություններն ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում
▲ Դեպի վեր
:
  • 1RUB = 7.97AMD
  • 1USD = 483AMD
  • 1EUR = 526.6AMD

Հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություններն ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում

Հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություններն ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական խոսք է հղել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: 

«Հարգելի ամերիկացիներ, 

Մեծ հաճույքով միանում եմ ձեզ Միացյալ Նահանգների անկախության 244-րդ տարեդարձին նվիրված վիրտուալ տոնակատարությանը։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջ եկած ներկայիս գլոբալ անկայունությունն ազդել է մեր բնականոն կյանքի վրա։ Ավանդական մարդաշատ միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպանատան մեր բարեկամներին շնորհավորելու փոխարեն հանդես եմ գալիս այս տեսաուղերձով՝ ձեզ հղելով իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հուլիսի 4-ի առթիվ։

Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ։ 1991 թ․ հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրները սերտորեն աշխատել են՝ ձևավորելու հիմքեր տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության համար, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման և խաղաղապահության ուղղություններով։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ Մեր քաղաքական հարաբերություններն այժմ ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2019 թ․ մայիսին Երևանում։ Մենք արժևորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը։ Մենք բարձր ենք գնահատում տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ վերջերս տրամադրված 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթը համավարակի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների շրջանակում։

Առիթից օգտվելով՝ Հայաստանի Կառավարության և մեր ժողովրդի անունից ևս մեկ անգամ մեր հարգանքն ու երախտիքն ենք հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու Սենատին Հայոց ցեղասպանության մասին երկու առանցքային բանաձևերի ընդունման համար։ Որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ջատագով՝ Հայաստանը պատրաստ է աշխատելու Միացյալ Նահանգների հետ՝ մարդկության դեմ ուղղված հանցանքները կանխելու ու դատապարտելու ուղղությամբ։ Հենց այս տեսլականով Հայաստանը միացավ ԱՄՆ հովանու ներքո ստեղծված և կրոնական ազատությունների պաշտպանությանն ուղղված դաշինքին. ակնկալում ենք աշխատել ամերիկյան մեր գործընկերների հետ՝ ապահովելու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը Մերձավոր Արևելքում, որը մեր առավել ընդգրկուն հարևանության կայունության բանալին է։

Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկի հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Հայ ժողովրդի համար չկարգավորված հակամարտությունը շարունակում է մնալ որպես լրջագույն մարտահրավեր Արցախի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության առումով։ Մեր նպատակը հակամարտության արդարացի ու խաղաղ  կարգավորումն է, որտեղ Արցախի անվտանգությունն ու առանց սահմանափակումների կարգավիճակը հանդիսանում են գերակա առաջնահերթություն։

Ցանկանում եմ ընդգծել ամերիկահայերի կարևոր դերը մեր երկու երկրների միջև առավել կուռ ու ամուր բարեկամության ու համագործակցության ձևավորման հարցում։ Նրանք Միացյալ նահանգների՝ իրենց որդեգրած օջախի նվիրյալ քաղաքացիներ են և հայրենասեր ամերիկացիներ։ Նրանք հաջողությամբ ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը։ Որպես հայ՝ ամուր պահպանելով իրենց ինքնությանը և քաղաքակրթական արմատներին՝ նրան հաճախ հանդիսանում են մեր երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում գործընկերությունների ձևավորման անմիջական մասնակից։

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ազատության ու ժողովրդավարության երկրի տարեդարձը։ Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ իմ ամերիկացի ընկերներին։ Ձեր մեծանուն երկրին ի սրտե մաղթում եմ խաղաղություն, աճ և բարեկեցություն։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս դժվարին ժամանակներում նաև զորկցություն եմ հայտնում բոլոր ամերիկացիներին։ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու Կառավարությունը մեկ անգամ չէ, որ մարտահրավերների առերեսվելիս ցուցադրել են ուժ, կամք և միասնական ոգի։ Վստահ եմ, որ հուլիսչորսյան տոնին ուղեկցող տոնական տրամադրությունը, ինչպես միշտ, բարձր է։ 

Կեցցե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, 

Կեցցե՛ Հայաստանը, 

Կեցցե՛ հայ-ամերիկյան բարեկամությունը»։  

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններավելին
Բեյրութի բնակչուհիներից մեկը ծննդաբերելիս է եղել, երբ որոտացել է պայթյունը՝ ցնցելով հիվանդանոցը (տեսանյութ)
ավելին
Կոտայքի մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում այս տարի շուրջ 500 մլն դրամ է հատկացվել՝ մարզի ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով
ավելին
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը,որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ
ավելին
Մարզկենտրոն Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով մեկնարկել են Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները
ավելին
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Արագած և Վարդենուտ բնակավայրերում ժամանակակից զբոսաշրջային և գյուղատնտեսական ավան կկառուցվի
ավելին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է ճանապարհների հիմնանորոգման ընթացքը
ավելին