Եվրահանձնաժողովը վերանայել է ավիաընկերությունների ցանկը, արգելելով թռիչքները ԵՄ տարածք
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Եվրահանձնաժողովը վերանայել է ավիաընկերությունների ցանկը, արգելելով թռիչքները ԵՄ տարածք

Եվրահանձնաժողովը վերանայել է ավիաընկերությունների ցանկը, արգելելով թռիչքները ԵՄ տարածք

Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին վերանայել և թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակն ու այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Խոսքը ընդհանուր՝ 96 ավիաընկերության մասին է, որոնց մեջ են մտնում նաև Հայաստանում հավաստագրվածները: Դրանք ավելացվել են ցուցակում՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ն, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն և Skyball-ը:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։

Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում Կոմիտեի և ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ:Կոմիտեն համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները։
 
Հիշեցնենք, որ մայիսի 13-ի դրությամբ ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։ Կոմիտեն հորդորել էր EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:
 
Մայսի 13-ին արված հայտարարությունում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն նշել էր, որ հաշվի առնելով խնդրի լրջությունը՝ Կոմիտեն մնում է այն համոզմունքին, որ թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է Եվրամիության, անդամ պետությունների, EASA-ի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սերտ համագործակցությունը:
 
Նշենք նաև, որ հունիսի 2-ին արված հայտարարությունում Հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել ավիացիոն անվտանգության բարելավման համար Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ համագործակցել և ներդրումներ անել Հայաստանում: Հիշեցնենք, որ ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակը ոչ միայն օգնում է պահպանել ԵՄ թռիչքների անվտանգության բարձր մակարդակը, այլեւ օգնում է տուժած ավիաընկերություններին եւ երկրներին բարձրացնել թռիչքների անվտանգության իրենց մակարդակը, որպեսզի նրանք ի վերջո հեռացվեն այդ ցուցակից:
 
Բացի այդ, կա հնարավորություն, որպեսզի պետություններն ու ավիափոխադրողները հեռացվեն սև ցուցակից։ Եթե ավիաընկերությունը գտնում է, որ այն պետք է հանվի ցուցակից, քանի որ այն համապատասխանում է թռիչքների անվտանգության չափանիշներին, ապա այն կարող է դիմել հանձնաժողովին կամ անմիջականորեն, կամ քաղաքացիական ավիացիայի իր վարչության միջոցով: Որպեսզի արգելքը հանվի, Եվրոմիությանը պետք է բավարար ապացույցներ ներկայացվեն այն մասին, որ ավիաընկերության եւ նրա վերահսկողական մարմնի թռիչքների անվտանգության միջազգային ստանդարտները բավարար մակարդակի վրա են։ Այնուհետեւ հանձնաժողովի ծառայությունները կգնահատեն ավիաընկերության եւ/կամ նրա վերահսկող մարմնի կողմից ներկայացված ապացույցները, որով հիմնավորում են թռիչքների անվտանգության ցանկից հանելու իրենց խնդրանքը, եւ եթե գնահատման արդյունքը դրական լինի, հանձնաժողովը առաջարկություն կներկայացնի ԵՄ թռիչքների անվտանգության կոմիտեին:
 
Անկախ առանձին ավիափոխադրողների դեպքերից, եթե ASL-ում ավիափոխադրողի գտնվելու հիմնական պատճառը կապված է թռիչքների անվտանգության վերահսկողության մարմինների կողմից ICAO-ի ստանդարտների պահպանման ցածր մակարդակի հետ, ապա դա կպահանջի պետությունից վերացնել էական անհամապատասխանությունները, նախքան այդ ավիափոխադրողը հնարավորություն կստանա հանվել ցուցակից:
 
Գործնականում դա նշանակում է, որ ավիափոխադրողը եւ նրա պետությունը գրավոր տեղեկատվություն են տրամադրում, մասնակցում են հանձնաժողովի եւ անդամ պետությունների հետ խորհրդակցություններին, երբեմն հանձնաժողովի ղեկավարության ներքո տեղում այցելության օբյեկտ են հանդիսանում, ինչպես նաեւ մասնակցում են թռիչքների անվտանգության կոմիտեի առջեւ անցկացվող լսումներին:
 
Նշենք նաև, որ ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», այս որոշմամբ Հայաստանը չի զրկվել դեպի Եվրոպա թռիչքներից։ Երևանից և Գյումրիից դեպի եվրոպական տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումները շարունակում են իրականացնել «Ryanair», «Aegean», «Air France», «Austrian Airline», «Brussels airlines», «LOT» և «Wizz air» ավիաընկերությունները։
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ.
 

"Հարգելի՛ հայրենակիցներ, եղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ: Բացի այդ, սույն որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու վրա:

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: 2019 թվականի նոյեմբերի 20-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լուրջ քայլեր է ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ-ում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: ԵՄ ավիացիոն ոլորտի տնօրեն Ֆիլիպ Կոռնելիսը ՔԱԿ-ի ղեկավարին ուղղված նամակում նշում է. «Ես ուրախ էի տեսնել և արձանագրել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այդ աջակցությունը, Ձեր մասնագիտական կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ, մեծ դեր են խաղում վերոնշյալ խնդիրները լուծելու համար»:
Իսկ ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը ԵՄ պաշտոնական կայքում իր հերթին նշել է. «Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրում ունենալ Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու գործում»:
 
ԵՄ անդամ պետությունների ավիացիոն իշխանությունները նույնպես հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամության մասին: Հարգելի՛ հայրենակիցներ, համոզված եղեք, որ միասնական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ բոլոր խնդիրները կլուծվեն", - ասվում է Հայաստանի Քաղաքացիական Ավիացիայի հաղորդագրությունում:
 

Թեմայի այլ նորություններ