Երևանում կայացավ Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգը. Զինվորի տան տղաները դիրիժորի հետ քոչարի պարեցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Երևանում կայացավ Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգը. Զինվորի տան տղաները դիրիժորի հետ քոչարի պարեցին

Երևանում կայացավ Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգը. Զինվորի տան տղաները դիրիժորի հետ քոչարի պարեցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվելբ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և Ռուսատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող տղաների բարեգործական համերգին, որի ավարտին բոլոր ներկաներին և հենց Վլադիմիր Սպիվակովին սպասվում էր անակնկալ: Բեմ դուրս եկան Զինվորի տանը պրոթեզավորում ստացած տղաները և հայտնի դիրիժորի հետ քոչարի պարեցին:

Վլադիմիր Սպիվակովը համերգի ավարտին պատմեց, որ երբ ամռանը առաջին անգամ եղել է Զինվորի տանն ու տեսել է այն սերն ու ջերմությունը, որ ստանում են տղաները ու իրենք էլ տալիս են բոլորին, խոստացել է, որ ինքն էլ մինչև կյանքի վերջ լինելու է տղաների կողքին և աջակցելու է՝ ինչքան որ կարողանա:

«Ասեմ, որ  Հայաստանը վաղուց ինձ համար դարձել է հարազատ տուն: Ես բազմիցս եկել եմ որպես մենակատար և դիրիժոր՝ «Մոսկվայի Վիրտուոզների» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ձեր ցավն արտացոլվում է նաև իմ սրտում, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Մենք հանդես կգանք երեք համերգով. երկուսը՝ Երևանում, մեկը՝ ինձ համար շատ նշանակալի քաղաքում՝ Գյումրիում: Այս երեք համերգներից առաջինը Զինվորի տանը բուժվող և կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Զինվորի տանը»,-ասաց նա:

ԵՊԲՀ ռեկտոր և Զինվորի տան համահիմնադիր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին՝ կրկին հայ ժողովրդի, իսկ այս անգամ՝ Զինվորի տան կողքին կանգնելու համար:

«Զինվորի տան, բոլոր զինվորների, անձամբ իմ և Հայկուհի Մինասյանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Սպիվակովին՝ մարդասիրական նման գեղեցիկ քայլի համար: Կանգնել հայ զինվորի կողքին, սատար լինել նման աստվածահաճո գործին, նշանակում է ոչ միայն հայ ժողովրդի մեծ բարեկամը լինել, այլև իսկապես մեծ հումանիստ: Պատահական չէ, որ հենց այս բարեգործական համերգով ենք տալիս Զինվորի տան «Armenia 301» ծրագրի մեկնարկը: Սա մի ծրագիր է, որը նպատակ ունի Զինվորի տան շուրջ, այսինքն՝ ի նպաստ զինվորի առողջության և բարօրության կատարվող գործի շուրջ համախմբել համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Պյոտր Չայկովսկիի, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործությունները։ Որպես մենակատար` նվագախմբի հետ հանդես եկավ հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

«Համերգի ավարտին զինհաշմանդամները Սպիվակովի հետ քոչարի պարեցին։ Բոլորը հուզվեցին, աչքերը սրբեցին, երկար ծափեր հնչեցին։ Մի «աննշան» պահ, սակայն, այդպես էլ ոչ ոք չհիշատակեց։ Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց պատերազմի ժամանակ զոհված տղաներին։ Իսկ իմ կողքին, ինչպես արդեն ճանաչում եք, 44-օրյա պատերազմում անմահացած Խաչատուրի և Գոռի մայրիկներն էին՝ Նարինեն և Լիլյան։ Չգիտեի նրանց ինչ ասել։

Պետք էր բացատրել երևի, որ մենք ունենք թեմաների խիստ սահմանազատում, իրար չենք խառնում. հաշմանդամություն ստացած զինվորների համար այլ արցունքներ ունենք, զոհվածների համար՝ այլ։ Զոհվածներին, ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, հիշում ենք բացառապես իրենց «թեմայի» շրջանակներում։ Դրանից դուրս՝ միայն այն ժամանակ, երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղին։ Ահա այդ ժամանակ հոտնկայս խմում ենք մեր հերոսների սուրբ կենացը, դա էլ հիմնականում այն բանի համար, որպեսզի մեզ հասանելիք մի փոր հացը առանց խղճի խայթի կուլ տանք»,- նշված է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջի գրառման մեջ։

Վլադիմիր Սպիվակովի համերգով նոյեմբերի 27-ից մեկնարկել է Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի հնարավոր լինի շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ «Armenia 301» նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար:

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ալեքսանդր Կլյուչկոն: Սպիվակովի այցն ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն այսքանով չեն սահմանափակվի. Վլադիմիր Սպիվակովին նաև Գյումրին է սպասում։ Աշխարհահռչակ դիրիժորը Գյումրու համար թանկ հյուր է։ Առաջին անգամ նա Գյումրի, այդ օրերին Լենինական, այցելել է 1988-ի աղետից 4 ամիս հետո՝ 1989-ի մարտին և Մոսկվայի վիրտուոզներ նվագախմբի հետ ելույթ ունեցել չավերված ու կանգուն մնացած թատրոնի բեմում:

Թեմայի այլ նորություններ