Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
ՌԴ Կառավարությունից հայտնում են, որ եռակողմ բանակցությունները տեղի են ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Նախատեսվում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը եւ քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին: Բացի այդ, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները․
1. Հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա ։
2. Աղդամի շրջանը Ադրբեջանի Հանրապետությանը վերադառնում է մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայող հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չի հայտարարի։
5. Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ Կենտրոն։
6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը վերադարձնում է Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1 – ը ' Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ որը միեւնույն ժամանակ չի ներառելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո:
8. Կատարվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց եւ զոհվածների փոխանակում:
9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղություններով՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:
Նշենք նաև, որ ՀՀ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մանրամասներ է հայտնել կայանալիք հանդիպումից․