ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»:
Նշանակման կապակցությամբ Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ նախագահը հանդես էր եկել ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու կոչով․
«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության: Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին: Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար: Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը և ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»: