Խորհրդարանական ուժերն արձագանքում են նախագահի հայտարարություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    54%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    1 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27207
  • Դոլար = 394.466

Խորհրդարանական ուժերն արձագանքում են նախագահի հայտարարություններին

 Խորհրդարանական ուժերն արձագանքում են նախագահի հայտարարություններին

Դեպի «Չորրորդ Հանրապետություն» վերնագրով ծավալուն հոդվածում նախագահ Արմեն Սարգսյանը դարձյալ խոսել է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, շեշտելով, որ Հայաստանը այսօր տանուլ է տվել ռազմի դաշտում և արտաքին ճակատում, որի համար ներկա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Արմեն Սարգսյանը կարծում է, որ դա պետք է իրականացնել Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններից հետո, մինչ այդ, «իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն»: Նախագահը այդ կառավարության գլխավոր առաքելությունը տեսնում է երեք նպատակների իրականացման մեջ։

«Առաջինը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար:

Երկրորդը, պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում:

Երրորդը, խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում: Կրկնում եմ՝ պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջև պետք է գործի հակակշիռների և զսպումների համակարգը, բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան», - նշել է նախագահը:

Սարգսյանը խոսում է պատերազմից հետո նոր պետության կառուցման ձեռնարկի մասին, որը պայմանականորեն անվանում է «Չորրորդ Հանրապետություն»: Նկատում է 2018 թվականի իշխանափոխությունը կարող էր նոր փուլի սկիզբ դառնալ, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն: «Վերջին պատերազմում պարտությունը հենց այդ համակարգի պարտությունն էր, ոչ թե զինվորի, ժողովրդի և ազգի», - գրում է Արմեն Սարգսյանը։

Իշխող «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը նախագահին հակադարձում է՝ 18-ին ոչ թե պարզապես իշխանափոխություն է եղել, այլ՝ հեղափոխություն, որի գաղափարներին կողմ է արտահայտվել ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների մասին նախագահի հայտարարություններին պատգամավորն այստեղ մեծ հակասություններ չի տեսնում: Ասում է՝ Ընտրական օրենսգիրքը բարեփոխվում է, իսկ կուսակցությունների մասին օրենքն արդեն ուղարկվել է նախագահի ստորագրությանը:

«Դրական եմ համարում, որ նախագահը նույնն է ընդգծում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար կարևոր նախապայման է բարելավված օերնսգիրք ունենալ, քանի որ այդ նախագիծը քննարկումների փուլում նաև շատ ներառական է լինելու, հետևաբար նաև շատ կոնկրետ առաջարկների մասով հետաքրքիր կլինի իմանալ նաև նախագահի կարծիքը», - ասաց Դանիելյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը ասում է՝ նախագահի շեշտադրումների հետ համաձայն են, ավելին իրենք այդ մասին ավելի վաղ են խոսել: «Մենք ընդհանուր համաձայնություն ունենք, որ վարչապետն այլևս չի կարող շարունակել ղեկավարել երկիրը, պիտի հրաժարական ներկայացնի, պիտի ստեղծվի անցումային կառավարություն, նախագահը դա անվանում է Ազգային համաձայնության կառավարություն, ըստ երևույթին նույնն ենք առաջարկում տարբեր անվանումներով և բնականաբար, արտահերթ ընտրությունները, բայց մեր կարծիքով դրանք չպիտի լինեն հապճեպ, չպիտի լինեն շտապ և առաջիկայում, որովհետև մինչև ընտրությունները, մենք բավականին մեծ խնդիրներ ունենք լուծելու: Մենք հանրությանը պետք է նախապատրաստենք դեռևս այդ ընտրություններին», - նշեց Սամսոնյանը:

«Ազատության» հարցին, իսկ թե այդ գործընթացում նախագահի դերն ինչպիսին է տեսնում, ԼՀԿ պատգամավորը պատասխանեց. «Նախագահի դերն իր լիազորություններով է պայմանավորված: Այս ընթացքում նախագահը պետք է հետևեր երկրում Սահմանադրության պահպանմանը, պետք է լիներ հավասարակշռող, զսպող, բայց ըստ երևույթին նախագահի ինստիտուտն այս հարոցում ևս թերացել է և հիմա հանրապետության նախագահը, եթե տեսնում է, որ իր այս դերակատարումը պիտի ավելի ուժեղացնել, ավելի ազդեցիկ գործոն դարձնել, դա միայն ողջունելի է»:

Ընդդիմադիր ԲՀԿ-ից դեռ չեն արձագանքում, թե ինչքանով է համընկնում նախագահ Սարգսյանի և իրենց օրակարգը։

Հիշեցնենք, արտահերթ ընտրությունների մասին խոսել է նաև վարչապետ Փաշինյանը։ Նա այդ թեմայով խորհրդակցությունների շարք էր սկսել քաղաքական ուժերի հետ։ Շարունակվո՞ւմ են արդյոք այդ խորհրդակցությունները «Ազատության» հարցին ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքեց. «Այս օրերին վարչապետը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, այժմ էլ ՌԴ մայրաքաղաքում է։ Խորհրդակցությունների ընթացքի և շարունակականության մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Թեմայի այլ նորություններ