ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    44%
    3 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    53%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    34%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    36%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    36%
    10 կմ/ժ
  • Արցախ 18°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրեց Դավիթ Նահապետյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: 

Նահապետյանը ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1994-1999 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բանկային գործ բաժինը: 1999-2003-ին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2003 թ. պաշտպանել է «Ժամանակակից Ռուսաստանում ներքին պետական պարտքի կառավարման դրամավարկային գործիքները» թեմայով ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2010 թ. ուսանել է ԱՄՆ-ի Թաֆսթի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում՝ «Հանրակրթության կառավարում, հանրային քաղաքականություն» կրթական ծրագրում: 2006-2020 թթ. մասնակցել է մի շարք սեմինարների, համաժողովների տարբեր երկրների բանկերում, ֆինանսական կառույցներում: Դավիթ Նահապետյանը մի շարք հրապարակումների և հետազոտական աշխատանքների հեղինակ է:

Նահապետյանը 2006-2015 թթ. աշխատել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, 2015-2017 թթ.՝ ԿԲ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, 2017-ից մինչև օրս զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի պաշտոնը, գործադիր կոմիտեի անդամ է:

Դավիթ Նահապետյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Ասաց, որ ԿԲ-ում գրեթե 15 տարի ի պաշտոնե ներգրավված է եղել կառավարման համակարգում՝ սկսած ռազմավարական պլանավորումից մինչև ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում, անմիջական մասկացություն է ունեցել գործադիր մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացին և կոորդինացրել է ֆունկցիոնալ ստորաբաժանումների համագործակցությունը:

Որպես ֆինանսական համակարգի կարգավորման առաջնահերթություն՝ Նահապետյանը դիտարկում է դիվերսիֆիկացիայի խնդիրը: Ասաց, որ այդտեղ հստակ անելիք է տեսնում:

«Ֆինանսական գործիքների կիրառմամբ ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսական համակարգի այլ հատվածների, հատկապես, կապիտալի շուկայի ապահովագրության համակարգի ընդլայնման և զարգացման նպատակով: Կապիտալի շուկայի տեսանկյունից, կարծում եմ՝ անհրաժեշտ է պետական ձեռնարկությունների մասնավորեցում իրականացնել բորսայի, հրապարակային տեղաբաշխման միջոցով: Խոշոր շրջանառություն ունեցող ընկերություններին աստիճանաբար վերածել բաց բաժնետիրական ընկերությունների: Հաջորդ կարևոր ոլորտը դիվերսիֆիկացիայի առումով ապահովագրական ոլորտն է և այստեղ ապահովագրական ընկերությունների միջոցով պարտադիր ապահովագրության զարգացումն է, կյանքի ապահովագրության ներդրումը, որն էապես կարող է խթանել ոլորտի զարգացմանը»,- ասաց Նահապետյանը:

Թեկնածուն առաջնահերթություն համարեց նաև այն, որ կցանկանար ուշադրություն դարձնել սպառողների շահերի պաշտպանության ֆինանսական կրթման հիմնախնդրին:

«Վերջին 10 տարում ստանձնելով այս գործընթացը՝ ԿԲ-ին հաջողվել է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայր և կարգավորման դաշտ: Այս համատեքստում անելիքները դեռ շատ են, և ընտրվելու դեպքում իմ անմիջական մասնակցությունն եմ ունենալու իր անձնական ֆինանսները գրագետ և արդյունավետ կառավարող, իր շահերը գնահատող և դրանց պաշտպանությանը միտված ինքնուրույն քայլեր իրականացնող անհատի, քաղաքացու ձևավորման քաղաքականության մշակմանը»,- ասաց Նահապետյանը:

Նրա խոսքով՝ առաջնահերթություններից է նաև ԿԲ միջազգային համագործակցությունը: Ասաց, որ կառանձնացնի հատկապես ԵԱՏՄ շրջանակում առաջիկա անելիքները: Ըստ թեկնածուի՝ մինչև 2025 թվականն անդամ պետությունների հետ համատեղ պետք է իրականացվի ֆինանսական համակարգի օրենսդրության ներդաշնակեցման ծրագիր: Ընդգծեց՝ գերխնդիր է Հայաստանի ֆինանսական համակարգի շահերն այս գործընթացում առավելապես ներկայացնել մշակվող փաստաթղթերում այնպես, որ մի կողմից առավելագույնս ապահովվի մեր ֆինանսական կառույցների ներգրավվածությունը ԵԱՏՄ ֆինանսական շուկաներում, մյուս կողմից՝ մեր շուկան ապահովագրվի անհամարժեք մրցակցությունից: 

ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը և Երջանիկ Հակոբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն մտցնել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջներում:
 

«Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ կարող են հանդիսանալ այն անձինք, որոնք ունեն աուդիտորի որակավորում, այդ ոլորտում գործունեության 5 տարվա փորձ, ընդորում` 1 տարի աուդիտորական կազմակերպության ղեկավարի փորձ կամ Հաշվեքննիչ պալատի անդամի 3 տարվա փորձ, ինչպես նաև հանրային հատվածի ֆինանսական ոլորտում 10 տարվա փորձ, որից 5 տարին` ղեկավարի պաշտոնում: Առաջարկում ենք, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսներում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Եթե անձն ունի ֆինանսական համակարգի 10 տարիների փորձ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա հնարավորություն կունենա ներկայացված լինել, որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու»,- ասաց Սողոմոնյանը:

Օրենքի նախագիծն ընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:

Թեմայի այլ նորություններ