Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 10-ից 12-ը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են համակարգում իրականացված բարեփոխումները, վարչարարության հիմնական ուղղությունները, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ռիսկերի գնահատման մասով ՊԵԿ ռեսուրսների կատարելագործումը։
Ըստ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի՝ ՊԵԿ-ը կիրառում է անհրաժեշտ բոլոր միջոցները առկա ռիսկերի նույնականացման ու վերլուծության համար։ Նա նշել է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկում, թե՛ գնահատված ռիսկերը հաստատելու, թե՛ հերքելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի կողմից իրականացվում են բոլոր քայլերը հարկ վճարողների հետ հարաբերություններում խոչընդոտները հարթելու համար։
ՊԵԿ մասնագետներն ընդգծել են, որ այս քննարկումները մեծացնում են հարկ վճարողների ներգրավվածությունը կոմիտեի գործառույթներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնել տեսակետներ, առաջարկներ և ստանալ լիարժեք տեղեկատվություն իրենց գործունեության արդյունավետության բարձրացման համար։
Տնտեսավարողների հետ այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։