7 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի աշխարհազորային Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանը և գերեվարված աշխարհազորայիններից մի քանիսի հարազատները քիչ առաջ դադարեցրին Կառավարության շենքի դիմաց իրենց անժամկետ նստացույցը: Ըստ Տիգրան Ամբարդարյանի՝ նստացույցը դադարեցվել է, քանի որ նրանք հանդիպում են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել են իրենց առաջարկած պայմանները: Գերեվարվածների հարազատները կառավարությանը մինչև հուլիսի կեսերը ժամանակ են տվել: Առաջարկված պայմանների մասին Ամբարդարյանը գրառում է կատարել ֆեսբուքյան իր էջում:
«Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021): Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։ Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև Հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,- ասված է Տիգրան Ամբարդարյանի գրառման մեջ։
Հարազատները Գյումրիից Երևան են եկել երեկ և նույն օրը ուշ երեկոյան սկսել նստացույցը: Նրանց հետ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն հանդիպումից հետո էլ հարազատները ամբողջ գիշեր և այսօր վաղ առավոտից շարունակել են նստացույցը: Նրանք Կառավարությունից պահանջում էին քայլեր ձեռնարկել գերեվարված տղաների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:
Աշխարհազորայինները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հին Թաղեր գյուղից: Ադրբեջանը Մելս Ամբարդարյանի եւ մյուս գերեվարվածների նկատմամբ շինծու մեղադրանքներ է առաջադրել: Մելսի եւ մյուսների գործով օրեր առաջ տեղի Է ունեցել առաջին դատավարությունը: