451 թվականի այս օրը տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    34%
    4 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    46%
    9 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    39%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.22415
  • Դոլար = 397

451 թվականի այս օրը տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը

451 թվականի այս օրը տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը

Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև ճակատամարտը, որը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը:

Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանել էր երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակել փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը: Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Վայոցձորցին և Ղևոնդ Երեցը քաջալերանքի խոսք են ասում հայոց զորքին՝ կոչ անելով արիաբար մարտնչելու թշնամու դեմ։

Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։

Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը և նահանջում երկրի խորքը՝ պայքարը շարունակելու նպատակով։ Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը։ Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել։ Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ։ Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ։ Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին։ Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ։

Ճակատամարտում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը:

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրին նաև հոները։

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։

Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է։ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը։ Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից։

Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։

Թեմայի այլ նորություններ