Սուրբ Սոֆիայի վերափոխման օրը Էրդողանը պատահական չի ընտրել. Հայկ Գաբրիելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    21%
    2 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    41%
    6 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    13 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    31%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    24%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    59%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Սուրբ Սոֆիայի վերափոխման օրը Էրդողանը պատահական չի ընտրել. Հայկ Գաբրիելյան

Սուրբ Սոֆիայի վերափոխման օրը Էրդողանը պատահական չի ընտրել. Հայկ Գաբրիելյան

Երբ Հուստինիանոս Առաջին կայսրը 537 թվականին կառուցեց շքեղությամբ ու չափերով աշխարհում նմանը չունեցող՝ հունական ուղղափառ քրիստոնեական Սուրբ Սոֆիայի տաճարը, դժվար թե պատկերացներ՝ հետագայում ինչպիսի փորձությունների է այն հանդիպելու:

Տաճարը եղել է աշխարհի ամենամեծ կառույցներից և համարվում է ճարտարապետության գլուխգործոց, հատկապես՝ գմբեթը: Մոտ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչև 1520 թվականին Սևիլյայի տաճարի կառուցումը: Կարծիք կա, թե Սուրբ Սոֆիան «փոխել է ճարտարապետության պատմությունը»:

Տաճար-մզկիթ-թանգարան ...Սուրբ Սոֆիայի չարչարանքները

Մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը, բայց 1453 թվականին Մեհմեդ Ֆեթիհը (Նվաճողը) գրավեց քաղաքը և այն միացրեց Օսմանյան կայսրությանը, հրամայեց Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Այս կարգավիճակում տաճարը մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է Աթաթուրքի նախաձեռնությամբ և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան:

85 տարի անց Թուրքիայի ներկայիս իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ, որոշեցին տաճարում կրկին իսլամադավան հավատացյալների տեսնել ու մոլլայի աղոթք լսել:

Էրդողանի՝ տաճարը մզկիթի վերածելու մի քանի անհաջող փորձերից ու հայտարարություններից հետո այսօր արդեն և այսուհետ իր ճարտարապետական շքեղ լուծումները տեսնելու եկած զբոսաշրջիկներին Այա Սոֆիան կընդունի որպես մզկիթ:

«Ես երեք կարևոր գործոն եմ տեսնում, թե ընդհանրապես ինչու է Էրդողանը Սուրբ Սոֆիան վերածում մզկիթի:

  • Առաջինը իսլամիստական հայացքներն են, որ նա երկիրը իսլամականացնելով ցանկանում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ: Աֆրիկայում էրդողանամետ, իշխանամետ կամ նրա կողմից սնվող հասարակական կազմակերպությունները լայն քարոզչություն են իրականացնում անգամ այնտեղ, որ տեսեք՝ Էրդողանը իսկապես մուսուլմանական աշխարհին հարիր առաջնորդի քայլ է կատարում, տաճարը վերածում է մզկիթի:
  • Երկրորդ կարևոր պատճառը նրա նեոօսմանական հայացքներն են: Փաստորեն, նա դարձավ երկրորդ Մեհմեդ Ֆեթիհ, այն սուլթանը, որը 1453 թվականին նվաճեց Կոստանդնուպոլիսը: Էրդողանը շարունակ կարևորում է 2053 թվականը՝ այդ իրադարձության 600-ամյակը, անգամ Սուրբ Սոֆիայի տաճարի մասին որոշման օրն իր ելույթը նա սկսել էր ժամը 20:53-ին, որը խորհրդանշում էր 2053 թվականը:
  • Եվ վերջին կարևոր կետը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ Էրդողանի հեռակա մրցակցությունն է: Էրդողանը շարունակ մրցակցում է Աթաթուրքի հետ, թե ով է թուրքերի պատմության մեջ ավելի խոր հետք թողնելու, միշտ անում է նրան հակառակ քայլեր շատ հարցերում: Այս հարցն էլ բացառություն չէր: Աթաթուրքի նախագահության տարիներին է Սուրբ Սոֆիան մզկիթից վերածվել թանգարանի, և հիմա Էրդողանն անում է ճիշտ հակառակը: Նույն կերպ Աթաթուրքը մեծապես ճնշում էր իսլամը երկրում, թույլ չէր տալիս, որ այն դուրս գար մզկիթի դարպասներից, միջամտեր երկրի քաղաքական գործընթացներին, մինչդեռ այսօր Էրդողանն անում է հակառակը»,- 1lurer.am հետ զրույցում նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Էրդողանը փորձում է իր այդ քայլը բացատրել կամ արդարացնել նրանով, որ այլ երկրներում նույնպես քանդվում, վերացվում են օսմանյան ժամանակաշրջանի պատմամշակութային արժեքներ, մզկիթներ, հոգևոր դպրոցներ և այլն:

«Օրինակ՝ նշում էր, որ վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 օսմանյան կոթող է արժանացել վատ ճակատագրի, որոնցից ավելի քան 100-ը Հունաստանում է տեղի ունեցել, իսկ առաջին տեղում Բուլղարիան է: Մենք գիտենք՝ Հունաստանի համար որքան զգայուն թեմա է Սուրբ Սոֆիայի տաճարի հարցը, և Էրդողանը կարծես թե փորձում է ցույց տալ, որ պատասխան հարված է հասցնում Հունաստանին»,- նշեց  Գաբրիելյանը:

Ըստ թուրքագետի՝ տաճարը մզկիթի վերածելու քայլը սեփական խաթարված հեղինակությունը վերականգնելուն ուղղված քայլ է: Քանի որ երկրում կորոնավիրուսը լայն տարածում ունի, տնտեսական առումով խնդիրները շատ են, նախագահի վարկանիշն էլ անկում է ապրում: Սա նաև իսլամական և ազգայնական ընտրազանգվածին գրավելու կարևոր քայլ է: Էրդողանը սովորություն ունի արտահերթ ընտրություններ հայտարարելու, և հնարավոր է, որ 2023 թ. նոյեմբերի 3-ին նշանակված խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացվեն ավելի վաղ, ինչպես դա արվեց 2018-ի արտահերթ ընտրությունների դեպքում, երբ ապրիլին հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, և դրանք անցկացվեցին 2018-ի հունիսի 24-ին, այն դեպքում, երբ նշանակված էին 2019-ի նոյեմբերի 3-ին՝ այն օրը, երբ Էրդողանի կուսակցությունն առաջին անգամ Թուրքիայում եկավ իշխանության:

Էրդողանի «Սուրբ Սոֆիա հեթթրիկը»

Էրդողանն իր իշխանության տարիներին քրիստոնեական մեկ Սուրբ Սոֆիա անունով տաճար չէ, որ մզկիթի է վերածել, այլ՝ 3: Նիկիայի և Տրապիզոնի Սուրբ Սոֆիա անունով տաճարները դեռ 2010-ականների սկզբներին են մզկիթի վերածվել:

«Ֆուտբոլային լեզվով ասած՝ սա Էրդողանի հեթթրիկն է: Անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ արեց նրան այդ քայլին չգնալ, բայց՝ ապարդյուն»,- նշեց թուրքագետը:

Գաբրիելյանի կարծիքով՝ քրիստոնյա աշխարհի արձագանքը Էրդողանի քայլին թույլ էր և ոչ համարժեք, ու դրանք Թուրքիայի ղեկավարը լուրջ չընդունեց:

«Եթե չկա սպառնալիք, որ այդ դեպքում Թուրքիան կզրկվի շատ խոշոր բաներից, կընկնի տնտեսական պատժամիջոցների տակ, բնականաբար, Էրդողանի ձեռքերը ազատվում են, զուտ հայտարարությունները նրան որևէ կերպ չեն կաշկանդում: Գիտենք, որ Էրդողանի մոտ, կարելի է ասել, արդեն իդեաֆիքս է դարձել պատմության մեջ շատ ավելի խոր հետք թողնելը: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը դրան ուղղված քայլերից մեկն է»,- նշեց Գաբրիելյանը:

Ինչու թանգարան-տաճարը հապճեպ որոշմամբ վերածվեց մզկիթի, և ինչու դրա բացման օր ընտրվեց հուլիսի 24-ը

«Բացումը այսօր՝ հուլիսի 24-ին է նշանակել, 1999 թվականին իր բանտից դուրս գալու օրը: Նա նշում է, որ, օրինակ, երբ Սուրբ Սոֆիան ժամանակին դարձավ մզկիթ 1453 թվականից հետո, դա Թուրքիային, օսմաններին մեծ հաջողութուն բերեց, և հիմա, փաստորեն, իր՝ բանտից ազատվելու օրը փորձում է շաղկապել նույն բանի հետ, որ իր բանտից ազատվելն էլ Թուրքիային պարգևեց մեծ նվաճումներ, մեծ հաջողություններ, և դա կշարունակվի, երբ որ Սուրբ Սոֆիան վերածվի մզկիթի:

Էրդողանն էլ արդեն 65-66 տարեկան է, գուցե պարզապես շտապում է իր այս երազանքը կատարել և այդպիսով պատմության մեջ մտնել որպես «21-րդ դարի Ֆեթիհ»: Այս քայլը նրան թույլ է տալիս մտնել պատմության մեջ, քանի որ, ինչպես ասում են, «Սուրբ Սոֆիան կորցրեց իր սրբությունը»,- նշեց Հայկ Գաբրիելյանը:

Հեղինակ` Ռոզա Խաչատրյան

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ