Օրվա Ամփոփում 27․10․2020․ Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը․ Ո՞ր տարածքներն է ժամանակավոր վերահսկում հակառակորդը հոկտեմբերի 27-ի դրությամբ. Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    71%
    14 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    43%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    11 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    42%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Օրվա Ամփոփում 27․10․2020․ Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը․ Ո՞ր տարածքներն է ժամանակավոր վերահսկում հակառակորդը հոկտեմբերի 27-ի դրությամբ. Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

27․10․2020

22:31- Հակառակորդն այլևս կորցրել է հստակորեն իր ահռելի քանակական առավելությունը, տեխնոլոգիական առավելությունը: Դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Հետևաբար իրավիճակը մի փոքր այլ է, դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստա՛հ եղեք՝ հաղթելու ենք: [Արծրուն Հովհաննիսյան]

22:27- Պատերազմը շարունակվում է: Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է. մեր ԶՈՒ-ն այսօր այն նույն ուժգնությամբ, բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել՝ նույնիսկ թողնելով որոշակի տեխնիկա: Բայց այս պատերազմը, այս պայքարը կոնկրետ իր բնույթով որոշակի առանձնահատկություն, բարդություն ունի: [Արծրուն Հովհաննիսյան]

22:23- Ես այս պահին չեմ կարող հաստատել, թե կոնկրետ որ պետության հատուկ ջոկատայինները որ պահին որտեղ են գտնվում, բայց որ նրանք կան Ադրբեջանի Զինված ուժերում, և Ադրբեջանի ԶՈՒ-ն փաստացի ամեն կերպ ունեն Թուրքիայի ԶՈՒ-ի աջակցությունը ամենատարբեր՝ տեխնիկական, մասնագիտական և զորքի առումով, փաստ է: [Արծրուն Հովհաննիսյան]

22:20- Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել, և մեր ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ: Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ, որն իրականացվում էր հիմնականում դաշտավայրային պայմաններում: Այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ, սաստկությամբ չի կիրառվում: [Արծրուն Հովհաննիսյան]

22:16- Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար: [Արծրուն Հովհաննիսյան]

22:13- Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: Որպես կանոն, փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով  փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Եվ այս ուղղությամբ, կարծես, 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են: [Արծրուն Հովհաննիսյան]

22:10- Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել: [Արծրուն Հովհաննիսյան]

22:09- Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում և այլն: Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: [Արծրուն Հովհաննիսյան]

22:05- Մարտական գործողությունները եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև  լարվածությամբ: [Արծրուն Հովհաննիսյան]

22:03- Միաժամանակ, մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ: [Արծրուն Հովհաննիսյան]

22:02- Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: [Արծրուն Հովհաննիսյան]

21:49- Արդեն մեկ ամիս է՝ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը։ Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից: [ՀՀ ԱԳՆ]

21:45- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր գնահատեց ֆրանսիացի օրենսդիրների այցը և արցախահայության համար կարևոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվեցին իրենց այցի շրջանակներում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով: Հանդիպման առանցքում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն էր:

20։31 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը: Հանդիպմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորակցությունն է արտահայտվել Հայաստանի և Արցախի կառավարություններին՝ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության արդար պայքարում:

20։08 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Վարչապետը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

19։57 - Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են: [ԱՀ ԱԻՊԾ]

19։46 - Կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս: [ԱՀ ՄԻՊ]

18։24 - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ո՛չ ՀՀ ԶՈւ-ը, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ: [ՊՆ խոսնակ]

16։59- ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ,  քայլը կարվի (ՀԱՊԿ-ին դիմելու- խմբ․) այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ կստանա դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք: Բայց ՀՀ սահմաններին վտանգի պարագայում, վստահեցնում եմ, որ մեր գործընկերները, դաշնակիցները չեն թողնի՝ իրավիճակը շատ խորանա: [Ալեն Սիմոնյան] 

16։50- Արցախում արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում Թուրքիայից և մի շարք այլ երկրներից օդային ճանապարհով շարունակաբար ռազմական բեռնափոխադրումներ են իրականացվում Ադրբեջան: Չնայած Բաքուն լայնամասշտաբ ռազմական գործողություններին պատրաստվում էր վաղուց, պատերազմի ողջ ընթացքում Ադրեբջանին զինտեխնիկա և այլ անհրաժեշտ ապրանքներ մատակարարող ինքնաթիռների թիվը գնալով աճում է: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն այս օրերին զինամթերք է ստանում Թուրքիայից, Իսրայելից և Բելառուսից, իսկ Սիրիայից պատերազմական գոտի հիմնականում տեղափոխվում են վարձկան զինյալներ։ |fip.am|

16:15- ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ ԶՈՒ միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի ԶՈՒ-ն հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից: [ՀՀ Պաշտպանության նախարարություն,ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ]

15:17- Այսօր եզդիական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա արեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Եզդիական համայնքն ԱՄՆ ղեկավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և Ադրբեջանին ստիպել դադարեցնել ռազմական գործողությունները։ Ռազմական գործողությունների դադարեցման պահանջով բողոքի ակցիաները, ըստ կազմակերպիչների, պարբերական են լինելու։ 

15:02- Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ ք. Երևան, Մուրացան 113, յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-ից 14:00-ն: Կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության: Արյունատվության նպատակով, խնդրում ենք, ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ: [ՊՆ]

14։35 - Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: ԱՀ 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: [ԱՀ ՄԻՊ]

14:24- Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը , կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը, մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը, մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը, փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը: [ՊԲ]

13։16- Ապատեղեկատվություն է, թե տարածված տեսանյությում երեւացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է։ Տեսանյութի անձը ՀՀ քաղաքացի է եւ որեւէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած գործողություններին։ [ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան] 

13:00- ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ:  [Շուշան Ստեփանյան]

12։40- Պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել ենք 37 զոհ, 4 անհետ կորած եւ 243 վիրավոր։ Այս ընթացքում ակտիվ համագործակցում ենք Արցախի ԱԱԾ գործընկերների հետ՝ միասին իրականացնելով համապատասխան աշխատանքներ։  [ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյան]

12:24-Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ: [Շուշան Ստեփանյան]

11:43- ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների: [Շուշան Ստեփանյան]

11:12- Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: [Շուշան Ստեփանյան]

10:08- Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ [ԱՀ նախագահի խոսնակ]

09:28- Ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝  պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին: [Արայիկ Հարությունյան]

09:11- Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։ [ԱՀ ԱԻՊԾ]

09:09- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո: [ՊԲ]

01։31 - Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: [ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան] 

Թեմայի այլ նորություններ