Օրվա Ամփոփում 25․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողությունները արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    0 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    23%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    23%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    20 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20266
  • Դոլար = 391.455

Օրվա Ամփոփում 25․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողությունները արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են

Օրվա Ամփոփում 25․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողությունները արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են

29.10.2020

22:54- Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է: Նման իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարները, ԶՈՒ հրամանատարները, որպես կանոն, ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողություններն ընթանում են, շարունակվում է պատերազմը: Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում հակառակորդի դիվերսիոն գործողությունների, նրանց փորձերի և տապալման մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:45- Իրանը Հայաստանի հարևան երկիրն է, և Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչների տարածաշրջան ներմուծմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիան, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների թուրքական ազդեցության գոտի և ահաբեկչության կենտրոն դառնալու որոշումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի երկրների համար, և այդ առումով Իրանը նույնպես բացառություն չէ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

22:42- Կարևոր ենք համարում, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին. նախևառաջ պետք է դադարեցնել Ադրբեջանին զինումը և նրա ռազմական կարողությունների ամրապնդումը: Մենք ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած պետությունը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող և ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետություններին: [Աննա Նաղդալյանն՝ ի պատասխան հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ Իսրայելը Հայաստանին հումանիտար օգնություն է առաջարկել]

22:36- Ինչպես Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունները, այնպես էլ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

22:36- Այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ և արտահայտվել է ոչ թե մեկ-երկու երկրների նկատմամբ, այլ սկզբունքային դիրքորոշում է, որ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

22:30- Ժնևի վաղվա հանդիպումը միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին ես այս պահին տեղեկություն ունեմ: Օրվա փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով: Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Եվ մեզ համար առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմամբ: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

22:20- Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Իսկ այս պահին, քանի դեռ անցնում է մեր ճեպազրույցը, տեղի է ունենում ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

22:16- Այսօր արդեն մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում են Արցախի բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքները: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

22:15- Օրեր առաջ, երբ ԱԳ նախարարն իրականացնում էր իր պաշտոնական այցն ԱՄՆ, ձեռք էր բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ կրակի դադարեցման վերաբերյալ, սա հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ արդեն երրորդ պայմանավորվածությունն է: Ինչպես նախորդ երկու դեպքերում, Ադրբեջանն այս անգամ նույնպես ի զորու չգտնվեց կամ չկարողացավ կատարել հրադադարի ռեժիմի իր ստանձնած պարտավորությունը և շարունակեց ագրեսիան: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

22:10- Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ: [Արծրուն Հովհաննիսյան]

22:09- Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն: [Արծրուն Հովհաննիսյան]

22:07- Բացի դրանից, ինչպես նախորդիվ նշել էինք, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում: [Արծրուն Հովհաննիսյան]

22:03- Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել: [Արծրուն Հովհաննիսյան]

22:00- Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: [Արծրուն Հովհաննիսյան]

21:10- Այսօր հայտնի դարձավ, որ մարտական ուղի անցած, բայց անազատության մեջ գտնվող երկու անձի խափանման միջոց փոփոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանն ասաց, որ երկու մեղադրյալներն էլ այս պահին ռազմաճակատում բավականին պիտանի մարդիկ էին։ Անձանցից մեկը մեղադրվում է սպանության մեջ, իսկ մյուս անձը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ 

20:46- Ինչպես 1992 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորվածխ է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: Եվ թշնամու գերնպատակն  է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Եվ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, և ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը] 

20:28-  Սոցցանցերում ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկություն հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից: ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: [ԱԱԾ]

20:25- ՀՀ ՄԻՊ-ն իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են ահաբեկչական խմբավորումները: Վեր հանված նմանություններն ակնհայտ են:  Իրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում կամ խոշտանգում կամ նվաստացում, ինչն այնուհետև լուսանկարվում կամ տեսագրվում է ու հրապարակվում: [ՀՀ ՄԻՊ] 

20:17- Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե Հայաստանի ԶՈւ-ի երկու Սու-25 է ոչնչացրել։ Տեղեկությունը հերքեց Շուշան Ստեփանյանը։ Ադրբեջանական կողմը, սակայն, սոցցանցերում տարածեց իբրև հայկական խոցված ինքնաթիռի լուսանկարներ։ Լուսանկարն արվել է Սիրիայում։ Պատկերվածն իրականում թուրքական ԱԹՍ է, իսկ լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2020 թ․ մարտի 1-ին։ 

20:14- Իրանը շատ կարեւոր երկիր է մեր տարածաշրջանում, և, ի տարբերություն Թուրքիայի, նա պատասխանատու և կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության մասին է: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են, ում դերը վերահաստատվել էր հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և հոկտեմբերի 17-ի ու 25-ի հետագա հայտարարություններում։ [Զոհրաբ Մնացականյան] 

19:58- Երեւանն աջակցում է ԼՂ-ում դիտորդների տեղակայմանը: Այդ մասին ասել է Զոհրաբ Մնացականյանը։ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Երևանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին։ Ինչ վերաբերում է խաղաղապահների ներգրավմանը, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր մեխանիզմում կարող են ներառվել միայն նրանք, ովքեր չեզոք դիրք են զբաղեցնում: 

19:55- Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են ընդհանուր գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։ Այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի տեղափոխելու արատավոր երևույթի դեմ։ [Ոստիկանություն]

19:47- ՄԻԵԴ-ը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևացող 3 հայ ռազմագերիների գործով մինչև նոյեմբերի 3-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ է պահանջել նրանց  գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Հոկտեմբերի 29-ին արդեն իսկ լրանում է տեսանյութում երևացող մյուս 5 ռազմագերիների գործով Ադրբեջանից տեղեկություններ ստանալու ժամկետը: Այսօր Ադրբեջանը պետք է ՄԻԵԴ պատասխան ներկայացնի: Եթե նրանք այսօր ներկայացնեն պատասխանները, ենթադրում եմ, վաղը դատարանը մեզ կփոխանցի այն։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

19:36 - Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում: Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ [Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին]

18:56- Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը  ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են, և հորդորել չճանապարհորդել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիների զգուշություն ցուցաբերել նաև Հայաստանում ճանապարհորդելիս: 

18:48- Թշնամական ուժերի առաջխաղացման փորձերը կասեցնելու և վերջինիս մեծ չափերի կորուստներ հասցնելու համար փոխգնդապետ Սեյրան Վալերիի Հակոբյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Յուրային հրետանու հստակ ու պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արամ Այվարի Խաչատրյանը կներկայացվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: 

18:09- Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարեւան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հենց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հայտարարված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը, մինչև Ադրբեջանն այդ կապակցությամբ կարծիք կարտահայտեր։ [Զոհրաբ Մնացականյանը՝  «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում] 

18։03 - Ռազմական ավիացիա է կիրառվել նաև Ասկերան և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։ [ԱՀ ԱԻՊԾ]

17։41 - Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է։ Մինչև կեսօր իրավիճակը բնակավայրերում լարված էր: Արցախի տարբեր քաղաքներում օդային տագնապներ են եղել, նաև մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն էին աշխատում: Ստեփանակերտը հակառակորդը մի քանի անգամ հրթիռակոծել է, բայց ավերածություններ և մարդկային կորուստներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյան] 

17։36 - ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ, որում նաև ընդգծվում է որ հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները ԱՀ խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Նշվում է, որ Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին։ [Արցախի ԱԳՆ]

14։53 - ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է։ [ՊՆ խոսնակ]

14։52 - Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույց ունեցավ, որի ընթացքում նախարարը տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ: Նա նաև ընդգծեց, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում Ստեփանակերտը և Շուշին, հատուկ թիրախավորվել է նաև Ստեփանակերտի բուժհաստատությունը:

14։15 - Հայկական կողմին է փոխանցվել ռազմական  գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները: Հոկտեմբերի 29-ին ՌԴ բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ: [ՊՆ խոսնակ]

12։50 - Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։ Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման։ [ՀՀ ԱԳՆ]

12։05 - Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։
Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

11։56 - Օդային տագնապ է Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում։ [ԱՀ ԱԻՊԾ]

11։32 - Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ: Հայտնում են նաև, որ թուրքերը Վիեննայում հարձակվել են հայերի վրա: Վերջին օրվա ընթացքում սա նմանատիպ 4-րդ դեպքն է: [Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարրի գրասենյակը]

11։21 - «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը: [ՊԲ]

09։21 - Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: [ԱՀ ԱԻՊԾ]

09։11- Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։ [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

09։03- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է ԱՀ խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Քիչ առաջ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները: [ՊԲ]

03:04 - Ստեփանակերտում րոպեներ առաջ ավարտվեց տագնապի ազդանշանը։  Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ արձակեց։ Նախնական տվյալներով տուժածներ ու ավերածություններ չկան։
[ԱՀ ԱԻՊԾ]

02։30 - Նախնական տվյալներով՝ վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվեց։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

01:53 - Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:  [Իտալիայում ՀՀ դեսպանություն]

00։55 - Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ: Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]

00։47 - Քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումները, ինչպես նաև հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման՝ ապագայում դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով: [Արցախի ԱԳՆ]

00։06 - Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել:Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է։ [Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը] 

Թեմայի այլ նորություններ