Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    46%
    1 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    59%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    45%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    38%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    53%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

23․10․2020

22:54- Գիտեմ, որ շատերիդ պարագայում մաքսիմալիստական ընկալումներ կան ամեն մի գյուղի, դիրքի, կամրջի, գետի ու բնագծի ուղղությամբ մանրակրկիտ տեղեկություն ստանալու ցանկություն: Բայց պատերազմի ժամանակ այնքան էլ տեղին չեն նման պահանջմունքները, մենք հստակ իրավիճակի բարենպաստ դրությունը ներկայացնում ենք բարենպաստ ձևով, ծանր իրավիճակը՝ ծանր ձևով: Բայց պատերազմի դինամիկան շատ մեծ է, արագ է փոփոխվում իրավիճակը, հետևաբար պետք չեն ոչ բացարձակ մեծ էյֆորիան, ոչ էլ ընկժվածությունը, որ դրսևորում են հատկապես համացանցում: [Արծրուն Հովհաննիսյան]

22:49- Երբ նշում ենք, որ իրավիճակը ծանր է, այստեղ լարված է և այլն, հենց խոսում է այն մասին, որ մենք նկարագրում ենք իրավիճակը ռազմաճակատի տարբեր հատվածներում: Նշում ենք ուղղությունները, նշում ենք, որ հյուսիսում կամ հարավում հարաբերական հանգիստ է, մյուս ուղղությամբ, օրինակ, ավելի ծանր է: Ես հասկանում եմ, որ բոլորդ ցանկություն ունեք ավելի շատ իմանալու: Մենք, բարեբախտաբար, ի տարբերություն Ադրբեջանի, մեր ժողովրդի հետ աշխատում ենք շատ թափանցիկ: Հայկական լրատվական տիրույթի որևէ արգելանք գոյություն չունի՝ բացառությամբ ադրբեջանական կայքերի, որոնք ուղղորդված, պատերազմական կանոնների համաձայն, տեղեկություններ էին տարածում մեր հանրության համար: [Արծրուն Հովհաննիսյան]

22:42- Կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը: Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք, առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը նորից միանգամից բարձրանում է: [Արծրուն Հովհաննիսյան]

22:37- Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի: Եթե այդ կարիքն առաջանում է հընթացս, ապա հընթացս էլ լուծվում է ԶՈՒ մատակարարման և ծառայությունների միջոցով: Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունը համակարգելու համար կան համապատասխան հասցեներ: [Արծրուն Հովհաննիսյան]

22:35- Րոպեներ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ ևս կատարվել է, ամենայն հավանականությամբ, հրթիռակոծում, մի քանի միավոր հրթիռ է արձակվել: Ինչպես տեսնում ենք, պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանը, մեծ հաշվով, ռազմաճակատի տարբեր հատվածներում իր կրած անհաջողությունները փորձում է փոխհատուցել կամ վրեժը խաղաղ բնակիչներից: Այսօր արդեն երրորդ-չորրորդ դեպքն է, ինչ Արցախի խաղաղ բնակիչների վրա կիրառվում են հիմնականում հրետանային միջոցներ: [Արծրուն Հովհաննիսյան]

22:31- Մենք ևս վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզի մասին (համացանցում շրջանառվող- խմբ.), պատերազմի առաջին օրվանից իրականացվել է, հիմնականում ուկրաինական բլոգերների պատրաստած քարտեզն է, որն, այո, չի արտացոլում ամբողջ իրավիճակը: Մենք շատ ենք ստանում այդ հարցը, թե արդյո՞ք քարտոզով կարելի է ներկայացնել, թե՞ ոչ: Առաջնահերթ խնդիրը քարտեզով ներկայացնել-չներկայացնելու այն է, որ մարդկանց մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, քատերզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը: [Արծրուն Հովհաննիսյան]

22:24- Այս պահին Վարդենիսում ԱԹՍ խոցելու մասին տեղեկություն չունեմ, բայց շատ հնարավոր է նման բան, ընթացիկ տվյալները կամփոփենք․ եթե հիմնավորվի, կներկայացնենք: [Արծրուն Հովհաննիսյան]

22:23- Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Մարդկային կորուստներ չկան: [ԱՀ ԱԻՊԾ]

22:22- Սա է իրերի իրական դրությունը: Ես մշտապես նշել եմ ու նշում եմ. մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ, ոմանց ընկալմամբ, տեղային փոքր տեղեկությունների հիման վրա, թվում են անելանելի: Սակայն, այդպես չէ: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշեր թե ցերեկ: [Արծրուն Հովհաննիսյան]

22:18- Ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է: Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են: [Արծրուն Հովհաննիսյան]

22:13- Այսօր՝ նույն ժամանակ, հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ: [Արծրուն Հովհաննիսյան]

22:09- Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ, մասնավորապես` գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են: [Արծրուն Հովհաննիսյան]

22:07- Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող (ինչպես երեկ արդեն հայտնել էինք) Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: [Արծրուն Հովհաննիսյան]

22:05- Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան։ [Արծրուն Հովհաննիսյան]

21:52- Պատերազմական դրության պայմաններում զորակոչված քաղաքացիները կամ նրանք, ովքեր դիմել են կամավորագրվելու և զինվորական կոմիսարիատների միջոցով ռազմաճակատ են մեկնել, վարձատրություն կստանան որպես զինվորական՝ այն օրերի համար, որոնք անցկացնում են ծառայության մեջ։ Նրանց ֆինանսական հատուցման խնդիրն այսպես, թե այնպես օրենքով լուծվում է։ Այս մասին ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով աշխատանքը թողած ու հայրենիքի սահմանների պաշտպանության համար առաջնագիծ մեկնած հայորդիների սոցիալական երաշխիքների խնդիրներին։ 

21:34- Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու: [ԱՀ նախագահի խոսնակ]

21:14- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները:

21:09-Ստեփանակերտը ևս ռմբակոծվում է։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]: 

21:03- Մարտունին ռմբակոծվում է: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: [Հայկական միասնական տեղեկատվականկենտրոն]

20:50-  Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: [Շուշան Ստեփանյան]

20:46-  
Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Կուզեի խնդրել մեր հայրենակիցներին չտարածել այդպիսի նյութերը հայկական շրջանակներում, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը հենց հայկական հասարակության տրամադրությունների վրա բացասականորեն ազդելն է այդ հոգեբանական դիվերսիաների միջոցով։ [ԱՀ ՄԻՊ] 

20:27-
 Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում  ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից: [Շուշան Ստեփանյան]

20:18- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Ադրբեջանի դեմ կիրառել Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները։ Այս մասին հայտնում են Ամերիկայի հայ ազգային կոմիտեից։ Նախաձեռնությունը հեղինակել են կոնգրեսականներ ԹիՋեյ Կոքսը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան, Քեթրին Քլարկը։ 

20:10- Զոհրաբ  Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ։ Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության գոտի դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Երկուստեք վերահաստատվեց հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]

19:25- Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը։ [ՀՀ ԱԳՆ]

18:31- Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը։ 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար: [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]

17:29-  ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Քննարկվել է թեստավորման նկատմամբ ներկակումս բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ: Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն:

17:25- Արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը այս աշխարհից մեկուսացնելու, Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ ցանկացած կապից մեկուսացնելու համար՝ արգելափակելով այն ամենը, ինչը կարող է նպաստել Արցախում բնականոն կենսապահովմանը, արգելելով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր գործողություն: Արցախում մարդիկ են ապրում: Տեսեք, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 90,000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8,000 միավոր անշարժ գույք և ենթակառուցվածք: Արցախում մարդասիրական իրավիճակ է, և ի՞նչ ունենք մենք. արդյո՞ք պետք է նրանց միայնակ թողնենք: Արդյո՞ք մենք պետք է անտեսենք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքերը: Միթե՞ այդ կյանքերը նվազ կարևոր են:

17:13- Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Նյութական վնասներից բացի՝ խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ [ԱՀ ԱԻՊԾ]

16։22- Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ ԱՀ-ում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին: Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը՝ խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Պուտինին]

16:09- Տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։ Նախարար Մնացականյանը նշեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որը միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը։ Նա առանձնահատուկ ընդգծեց ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը:

14։37- Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային: Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը, այնուհետև ծափահարեցին այս պահին սահմանին կանգնած և մարտեր մղող զինծառայողների համար: 

14:18- Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

14:05- Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ ԼՂ, որոնք պետք է պայքարեն հայերի դեմ: Դրա մասին ես չեմ ասում, դրա մասին խոսում է միջազգային մամուլն ու մի շարք երկրների ղեկավարներ՝ հստակ փաստեր ներկայացնելով։ Ադրբեջանում խոսում են ժողովրդավարության մասին, երբ ղեկավարվում են մի բռնապետի կողմից 17 տարի, և որտեղ փոխնախագահը նախագահի կինն է: Ի վերջո, այժմ ակնհայտ է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում աշխարհի տարբեր հատվածներում: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում։ [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում] 

13։37- Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր։ [Արծրուն Հովհաննիսյան]

15:25- Human Rights Watch-ը արհեստավարժորեն և օբյեկտիվորեն փաստագրեց Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մի մասը: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը կոպտորեն  խախտում է միջազգային իրավունքի նորմեր՝ նպատակաուղղված թիրախավորելով բնակչությանն ու սրելով պատերազմը: «Կլաստերային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակեցված բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը»,- ասել է Human Rights Watch- ի սպառազինության բաժնի տնօրենը։

11:57- Ելիսեյան պալատում տեղի է ունցել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

10:58-Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95 թթ. Մեղրիի ՆԳ բաժնի պետ Դավիթ Մաթևոսյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է նրա դուստրը:
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի…»,- գրել է Հերմինե Մաթևոսյանը։

09։36 - Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ. Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։ [ԱՀ ԱԻՊԾ]

09։23 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը: [ՊԲ]

09։18 - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Բանաձևով կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ 

01:01 - Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

00:10- Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Կանադայի արտգործնախարարի, նախարարների և պատգամավորների գրասենյակի ներկայացուցիչների հետ` քննարկելու համայնքի միասնական պահանջները: Մեր դիրքորոշումը միասնական է. Կանադան պետք է գործի հիմա և կանխի երկրորդ Ցեղասպանությունը: [Կանադայի հայ ազգային խորհուրդ]

00:02- ՀՖՖ-ն բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և «Լեգիա» - «Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ ներկայացված դիմումին։ Այս բոլոր բողոքներին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից տրվել է ընթացք:   [ՀՖՖ գլխավոր քարտուղար] 

Թեմայի այլ նորություններ